ԿԱՅԱՑԱՎ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Արմենպրես

Երեւանում հոկտեմբերի 19-ին անցկացվեց ԵՄ-Հայաստան էներգետիկայի, միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի ենթակոմիտեի անդրանիկ նիստը: Հայկական կողմից մեկօրյա նիստը համանախագահում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, իսկ ԵՄ-ից` Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության «Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա եւ Հարավային Կովկաս» ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը: Ինչպես նշեց Ա. Գալստյանը, ենթակոմիտեն քննարկելու է Հայաստանում եւ ԵՄ-ում էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումներին վերաբերող հարցեր, տարածաշրջանում էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ միջուկային անվտանգության խնդիրները:

Ա. Գալստյանի խոսքով, մասնավորապես անդրադարձ կկատարվի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումից հանելու ուղղությամբ քայլերին: Ենթակոմիտեն քննարկելու է նաեւ տրանսպորտի ոլորտի վերջին, Հայաստանի բնապահպանական քաղաքականության եւ կառավարման զարգացումները, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանական քաղաքականությանը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր: Ա. Գալստյանը կարեւորեց Եվրամիության հետ համագործակցությունը եւ հավաստեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ դերակատարում ունենալ տրանսպորտի, բնապահապանության, էներգետիկայի եւ միջուկային անվտանգության հարցերով համագործակցության հետագա ամրապնդման գործում:

Ջ. Կյաերը նշեց, որ այս նոր ենթակոմիտեի ստեղծումը վկայում է ԵՄ-Հայաստան կապերի հետզհետե սերտացման մասին: Այս ենթակոմիտեն կարեւորվում է նրանով, որ նախեւառաջ հիմք է ստեղծում, որի վրա հնարավոր է քննարկել հիմնական նպատակների իրականացման հետ կապված հարցեր: «Սա շատ լավ հնարավորություն է փորձագետների միջեւ փորձի փոխանակում իրականացնելու համար` ներկայացնելով վերջին շրջանում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները եւ դրանց արդյունքները, վարած քաղաքականությունը եւ այլն:

Մասնակիցների միջեւ կենդանի կապը եւս շատ կաեւոր է»,-ասաց Ջ. Կյաերը: Ա. Գալստյանը, խոսելով էներգետիկայի ոլորտի զարգացումներից, նշեց, որ 2004-2010թ-ին իրականցվում են էներգահամակարգի անվտանգ, հուսալի եւ տնտեսապես կայուն աշխատանքի ապահովմանն ուղղված միջոցառումներ, կատարվում են հսկայածավալ վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ: Ըստ նրա` սարքավորումների արդիականացման պահանջարկ կա էկեկտրաէներգիայի եւ բնական գազի հաղորդման ու բաշխման ցանցերում, ինչպես նաեւ բնական գազի ստորգետնյա պահեստարանում: Ա. Գալստյանի խոսքով, էներգետիկ անվտանգությունն ապահովելու եւ որեւէ մատակարարից կախումը նվազեցնելու համար անհրաժեշտ է տարատեսակել էներգիայի աղբյուրները եւ ծրագրավորել վառելիքի պահեստավորումը, արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը:

Դրա համար պահանջվում է մատակարարման ուղիների բազմազանացում, ինչի իրատեսական ճանապարհը ՀՀ-ի համար, ըստ Ա. Գալստյանի, Իրան-Հայաստան գազատարից հետո էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումն է տարածաշրջանի այլ նման համակարգերին: Ա. Գալստյանի խոսքով, Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման համար կարեւորվում են վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման եւ էներգախնայողության, ատոմային էներգետիկայի զարգացման, էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացման եւ տարածաշրջանային ինտեգրացման ուղղությունները: Ա. Գալստյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել ոլորտում ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ:

Նշենք, որ Եվրոպական միությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: ԵՄ-ը ակտիվորեն խթանել է բնապահպանական խնդիրների շուրջ տարածաշրջանային համագործակցությունը, մասնավորապես` կովկասյան տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, ինչպես նաեւ կլիմային փոփոխության ու քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ վերջերս մեկնարկած տարածաշրջանային ծրագրերի միջոցով:

Հոկտեմբեր 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր