Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են լիամասշտաբ վարժասարքի արդիականացման և ֆունկցիոնալության ընդլայնման աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի պաշտոնական կայքից՝ նախագիծն իրականացվում է ամերիկյան «WSC, lnc.», «Հայատոմ ԳՀԻ» և «Գալակտիկա» ընկերությունների մասնակցությամբ:
Լիամասշտաբ վարժասարքը, որը մշակվել և ներդրվել է 2013թ. Եվրամիության օժանդակությամբ և Սլովակիայի «VUJE, a.s.» ընկերության միջոցով, ծրագրատեխնիկական մոդելավորող համալիր է: Այն նախատեսված է ատոմակայանի բլոկի կառավարման վահանակի (ԲԿՎ) օպերատիվ անձնակազմի մասնագիտական ուսուցման և գործնական հմտությունների մշտական կատարելագործման համար:
2019 թվականից ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի աջակցության ծրագրերի շրջանակներում «WSC, lnc.» և «Հայատոմ ԳՀԻ» ընկերությունները նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ վարժասարքի համար մշակել և ներդրել են նոր մոդելներ՝ հաշվի առնելով էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով իրականացված արդիականացումներն ու փոփոխությունները:
Նոր ծրագրային հիմքով, նոր սերնդի համակարգիչներով և սերվերով ապահովված վարժասարքն արդիականացման արդյունքում համապատասխանում է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համակարգերին ու սարքավորումներին և ապահովում է շահագործման բոլոր ռեժիմների մոդելավորումը՝ ժամանակի իրական մասշտաբով:
2024թ. օգոստոս ամսին նախատեսված է իրականացնել վարժասարքի ամբողջ կոնֆիգուրացիայով կոմպլեքս փորձարկումներ՝ շահագործման հանձնելու նպատակով:
Հուլիս 10, 2024 at 12:36