

ԷկոԼուր
Զանգակատուն եւ Ուրցալանջ գյուղերի (Արարատի մարզ) տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների գերեզմանոցի կառուցման համար հարմար վայր գտնելու երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական արդյունքները ներկայացվել են «Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ին: Ինչպես նշված է «ԷկոԼուր»-ի հարցմանն ուղղված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական պատասխանում, «Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման աշխատանքների իրականացում» ծրագիրը կատարվել է միայն 22,8%-ով: Երեւանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը չի կարողացել աշխատանքն ավարտին հասցնել, քանի որ աշխատանքների կատարմանը խոչընդոտել են տեղի բնակիչները: Նախարարության պատասխանում նշված է, որ «ՀՀ կառավարության 22.02.2007 թվականի N 228-Ն որոշման 5-րդ կետի համաձայն` վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների վնասազերծման ու թաղման պահեստարանների նախագծման շինարարական նորմերն ու կանոնները հանձնարարված են քաղաքաշինության նախարարությանը»:
Դեռ մեզ պարզ չէ, թե ինչ շինարարական նորմերով պետք է ղեկավարվի Քաղաքաշինության նախարարությունը, երբ 2010թ. հունիսին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հասարակայնությունը ծանոթացավ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման համար ղեկավարող փաստաթղթի հետ: Փաստաթղթում ՄԱԳԱՏԷ-ի նորմերն էին, փաստացի ցուցում, որին պարտադիր կերպով պետք է կատարել: Թե ինչ կապ ունի այդ նորմերի հետ Քաղաքաշինության նախարարությունը, դեռ պետք է պարզել:
Փետրվար 10, 2011
