

Panorama.am
ՄԱԳԱՏԷ-ի առաքելության ներկայացուցիչներն արդեն երկու օր է` Հայաստանում են ու ստուգումներ են իրականացնում: Ստուգումները, ինչպես նախապես հայտարարվել էր, տևելու են երկու շաբաթ: Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից Panorama.am-ին խոստացան առավել մանրամասն տեղեկատվություն այցի վերաբերյալ տրամադրել մեկ ժամ անց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էներգետիկայի նախարար Արմոն Մովսիսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանի ատոմակայանն անհամեմատ ավելի անվտանգ է, քան ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել միջազգային փորձագետներին:
Մոտ մեկ ամիս առաջ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել էր, որ ատոմակայանի շահագործման անվտանգության վիճակի` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից դիտարկումը վաղուց պլանավորված էր, և նպատակն է, տեղում ստուգել, թե ինչպես է կազմակերպված ատոմակայանի շահագործման անվտանգությունը:
Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա
Panorama.am
Երկու շաբաթով Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են 9 երկրների ատոմային էներգետիկայի լավագույն մասնագետներ: Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ OSART հանձնախմբի այցելության նպատակն է ուսումնասիրել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը:
Նման աշխատանքային խմբերում ընդգրկվում են նաև Հայաստանի ատոմային էներգետիկայի մասնագետները, երբ OSART-ը ուսումնասիրություններ է կատարում այլ երկրների ատոմային կայաններում:
Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության խնդիրը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Այսօր ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ են վկայում նաև անվտանգության մասով միջազգային այլ հանձնախմբերի` պարբերաբար իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Էներգետիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության հետ կապված որևէ մտավախություն չկա:
Մայիս 17, 2011 at 19:03
