

News.am
Հայաստանում ուրանի հանքավայրերի որոնման աշխատանքները կշարունակվեն եւս 2-3 տարի: Այդ մասին այսօր` հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նկատել է, թե ներկայումս հետախուզական աշխատանքներ են ընթանում Սյունիքի մարզի տարածքում:
Նախարարն ընդգծել է, թե նախքան հորատման աշխատանքներին անցնելը պետք է 5-6 տեսակի հետազոտություններ արվեն:
ՀՀ էներգետիկայի նախարար. «Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչև 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա»
7or.am
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչև 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա։
–Գազի գինը չի փոխվել, չի փոխվելու և մինչև մյուս տարի ապրիլ որևէ փոփոխություն չի կրելու,–ասել է նա:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում երբևիցե ուրանի արդյունահանում և ուրանի հանքավայր չի եղել, բայց ուրանի որոնման աշխատանքները կշարունակվեն դեռևս մոտ երկու-երեք տարի:
Աշնանը Հայաստանում տեղի կունենա նոր ԱԷԿ-ի շինարարության թեմայով միջազգային կոնֆերանս
News.am
Աշնանը Հայաստանում տեղի կունենա հանրապետությունում նոր ԱԷԿ-ի շինարարության թեմայով միջազգային կոնֆերանս: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել «РосАтом»-ը եւ 2-3 այլ ընկերություններ: Նա նաեւ ասել է, որ ԱԷԿ-ի կառավարման պայմանագրի մեջ կմտցվեն որոշակի փոփոխություններ, որոնք կսահմանափակեն Մեծամորի ԱԷԿ-ի կառավարումը «Интер РАОЕЭС»-ի կողմից:
«Այսուհետեւ ռուսաստանյան կողմն ավելի շատ հանդես կգա որպես ԱԷԿ-ի շահագործման երաշխավոր»,- նշել է Մովսիսյանը:
Մեզ չի հետաքրքրում Հայաստանի հանքերի սեփականատիրոջ մաշկի գույնը. նախարար
News.am
«Մեզ չի հետաքրքրում, թե ով է Հայաստանում մետաղական հանքերի սեփականատերը, որոնք ի վերջո, վաճառվեցին չինական կողմին»,- այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ըստ որի այդ հանքերի սեփականատերը Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդին է:
«Մեզ չի հետաքրքրում, թե ով է այդ հանքերի սեփականատերը, ինչ գույնի են նրա մաշքը, աչքերը, մազերը: Մեզ հետաքրքրում է, որպեսզի արդյունաբերական գործընթացն առաջ գնա եւ պետությունը դրանից շահույթ ստանա»,- հայտարարել է Մովսիսյանը:
Օգտվելով առիթից, Մովսիսյանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի նա Ուկրաինայում մետաղամաշկան ամենախոշոր գործարանի 80 տոկոսի սեփականատերն է:
Միաժամանակ անդրադառնալով Հրազդան գետի ավազանի մոտ մետաղի արդյունահանման անթույլատրելիության մասին մամուլում հնչող տեսակետներին, ըստ որի, դա կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի, Մովսիսյանը խոստացել է արգելել մետաղի արդյունահանումը բոլոր տեղանքներում, որտեղ դա կվնասի բնությանը:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար. Geopromining Gold-ը չի խախտել երկրի օրենքները
News.am
Ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ Geopromining Gold ընկերությունն իր գործունեության ընթացքում՝ լիցենզիա ստանալու գործընթացը ներառյալ, չի խախտել երկրի օրենքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ ընկերությունում ստուգումներ իրականացնող աշխատանքային խմբի եւ ընկերության սեփականատերերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշում է ընդունվել Արարատում ոսկի արտադրող ուլտրա ժամանակակից, նոր գործարան կառուցելու մասին։ «Այդ գործարանն իր տեխնիկական ցուցանիշով երրորդն է աշխարհում, դրա շահագործման դեպքում շրջակա միջավայրին վնաս գրեթե չի հասցվում»,- բացատրեց նախարարը։ Նա հայտնեց, որ գործարանը կառուցելու համար 100 մլն դոլար է ներդրվել։
Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները «չեզոքացվել են» ոսկու նոր գործարանով
Քրիստինե Աղալարյան, Հետք
Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում հայտնաբերված խախտումներից հետո ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ դիմելու են կառավարություն` ընկերությանը լիցենզիայից զրկելու առաջարկով: Դեռևս 2010-ի հոկտեմբերի վերջին ՎՊ-ն ուսումնասիրության նյութերը ուղարկել է կառավարություն, ուսումնասիրման ժամկետը սպառվում էր հունվարի 31-ին: Սակայն այն երկարացվել էր, քանի որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ «խորը քննարկում» է տեղի ունեցել բարձրացված հարցերի շուրջ, հատկապես կապված օրնսդրության խախտված կետերեի հետ: Նախարարի խոսքով, քննարկումների արդյունքում, քանի որ Վերահսկիչ պալատի ստուգման ժամանակ բոլոր նյութերը չէ, որ ուսումնասիրվել էին, պարզվել է, որ որևէ օրենսդրական խախտում չի եղել: Եվ այդ հիմքի վրա լիցենզիայից զրկելու խնդիր ուղղակի չի եղել:
«Խնդիր բարձրացված էր լիցենզիային պայմանագրով (Վերահսկիչ պալատը շատ տեղին խնդիրը բարձրացրեց) պայմանագրային պարտավորությունների չկատարման մասով: Քննարկումների արդյունքում քննարկվեց այն բոլոր պրոբլեմները, որոնք առկա էին և խանգարում էին այդ պահին այդ խնդիրը լուծելու համար և արդյունքում, ինչպես մի քանի օր առաջ տեսանք, այդ համատեղ խմբի քննարկումների արդյունքում հիմնադրվեց նոր ոսկու գործարանի կառուցման սկիզբը, որին մասնակցու է նաև ՀՀ նախագահը և երկու տարի հետո գործարանը կսկի իրա ողջ հզորությամբ աշխատել»,- այսպես բացատրեց նախարարը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը լիցենզիայից չզրկելու որոշումը:
Թե ինչ կապ ունի արձանագրված չարաշահումները ոսկու նոր գործարանի հիմնադրման հետ, նախարարն այդպես էլ մեկնաբանել չկարողացավ, այլ ուղղակի ասաց, որ Վերահսկիչ պալատի և ընկերության աշխատանքային խմբի արդյունքում «ամենամեծ հաջողությունը այն էր, որ սկսվել է գործարանի կառուցումը»:
Ինչ վերաբերում է նրան, որ խոշոր չափերի հասնող խախտումներ են եղել, նախարարի մեկնաբանությամբ, խախտումներն այնքան էլ մեծ չէին, և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը անհրաժեշտ գումարները վճարել է բյուջե վճարել:
Նախարարը նաև խոստացավ, որ կայքում կտեղադրվի աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները:
Առաջընթաց` ըստ Արմեն Մովսիսյանի
Yerkir.am
2011 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 721 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի է 516 մլն կՎտ ժամով:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` էլեկտրաէներգիայի արտադրությունը, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է ավելի քան 16 տոկոսով: Նրա տվյալներով` 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ներքին սպառման համար օգտագործվել է 7,45 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, քան եղել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
«Բնակչության մասով սպառվել է շուրջ 11 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, փոքր եւ միջին բիզնեսի մասով` 18 տոկոս, չնայած նրան, որ խմելու եւ ոռոգման ջրերի վրա էլեկտրաէներգիայի ծախսը նվազել է շուրջ 26 տոկոսով»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներին` նախարարը նշեց, որ այստեղ նույնպես գրանցվել է աճ: Այսպես` 2011 թվականի առաջին կիսամյակում արտահանման ծավալները կազմել են 783 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 303 մլն կՎտ ժամով ավելի է, աճը կազմել է 63 տոկոս:
Նախարարության ամենակարեւոր ոլորտներից մեկի` հանքարդյունաբերության առումով նախարարը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում այս ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արդյունահանվել է 4,9 տոկոսով ավելի հանքաքար: Այսպես` այս տարվա վեց ամիսներին մեր երկրում պղնձի խտանյութի արտադրությունը կազմել է 95 տոկոս, մոլիբդենի արտադրությունը` 105 տոկոս, բազմամետաղային հանքաքարերի արտադրությունը` 130,9 տոկոս, ցինկինը` 125 տոկոս, իսկ ոսկու արտադրությունը ապրանքային արտադրանքի տեսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է շուրջ 128 տոկոսով:
Հուլիս 14, 2011 at 17:18
