

Tert.am
Բելառուսի իշխանությունները պատրաստվում են գյուղատնտեսական նպատակներով շահագործման հանձնել Չեռնոբիլի ատոմակայանի վթարից տուժած շրջանների հողատարածքները։ Բելառուսում ազատ հողատարածքներ շատ կան, սակայն գյուղատնտեսության համար առավել գրավիչ են երկրի հարավի հողերը, որոնք ամենաշատն են տուժել վթարից։
Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Բելառուսի ԱԻՆ-ի Չեռնոբիլի աղետի հետևանքների չեզոքացման բաժնի ղեկավար Վլադիմիր Չերնիկովի խոսքերը։
Չերնիկովը նշել է, որ, հնարավոր է օգտագործել մոտ 10-15հզ. հա հողատարածք։ Նրա կարծիքով՝ 25 տարիների ընթացքում քայքայվել են ցեզիումը և ստրոնցիումը, որոնցով հիմնականում թունավորվել էր շրջակա միջավայրը աղետից հետո։ Նա նշել է, որ այդ հողատարածքների մի մասը կարելի է օգտագործել անտառներ տնկելու, արոտավայրեր ստեղծելու, և ընդհանրապես տեխնիկական նպատակներով օգտագործման համար։
Մասնագետները, սակայն, կարծում են, որ դեռ շատ վաղ է նման որոշման մասին խոսել։ Նրանց կարծիքով՝ այդ հողատարածքները աղտոտված են ցեզիում-137-ի և ստրոնցիում-90-ի իզոտոպներով, ընդ որում ցեզիում-137-ը քայքայվում է մոտ 30 տարում, իսկ ստրոցիում-90-ը՝ մոտ 29։ Այսինքն, 2016թ.-ից շուտ անգամ խոսք լինել չի կարող այդ հողատարածքների շահագործման մասին։
Այնուամենայնիվ, տուժած շրջաններում հողերն օգտագործելու մասին որոշումն արդեն ընդունվել է Բելառուսի նախարարների խորհրդի նախագահության նիստի ժամանակ։ Չերնիկովը նշել է, որ երկու ամսվա ընթացքում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետներին, ինչպես նաև Ազգային ակադեմիայի գիտնականներին հնարավորություն կտրվի ուսումնասիրել այդ հողերի վիճակը։
Օգոստոս 08, 2011 at 12:14
