ՀԱԷԿ-ը կազմալուծման շեմին

ՀԱԷԿ-ը կազմալուծման շեմին

Հայկական ժամանակ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ Մեծամորի ՀԱԷԿ-ի տնօրինությունը առաջիկա օրերին պետք է որոշի` ատոմակայանը մեկ ամսից կվերագործարկվի՞, թե՞ ոչ: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ արդեն մեկ տարուց ավելի ՀԱԷԿ աշխատակիցները իրենց տնօրինությանը եւ ՀՀ ղեկավարությանը փորձում են համոզել, որ իրենց աշխատավարձերը բարձրացվեն: Բանավոր` ժողովների ժամանակ հնչեցրած խնդրանք-պահանջների արձագանքը չստանալուց հետո, մոտ մեկ ամիս առաջ ՀԱԷԿ-ի կոլեկտիվն իրենց աշխատավարձի հետ կապված գրավոր դիմում է ներկայացրել ՀՀ ղեկավարությանը:

Դիմումատուները տեղեկացրել են, որ եթե իրենց աշխատավարձի խնդիրը մինչեւ սեպտեմբերի 20-ը չլուծվի, ապա ստիպված կլինեն ազատման դիմում ներկայացնել եւ այլ աշխատանք գտնել, որով կկարողանան իրենց ընտանիքներին սոցիալապես ապահովել: Ու քանի որ պատասխան չեն ստացել, նրանցից 158 հոգին խոստումը կատարել են եւ ազատման դիմում ներկայացրել: Խնդիրը բարձրացնելու ժամանակը պատահական ընտրված չէ: Բանն այն է, որ սեպտեմբերի 5-ից ատոմակայանը գտնվում է պլանային վերանորոգման մեջ, եւ նախատեսվում է, որ պետք է վերագործարկվի հոկտեմբերի 21-ից: Այսինքն, առաջին հայացքից ՀԱԷԿ-ի տնօրինությունը ժամանակ ունի, որ մինչեւ ատոմակայանի վերագործարկելը լուծի թափուր մասնագետների խնդիրը: Սակայն իրականում այդ խնդիրը հնարավոր չէ ոչ մեկ ամսում, եւ ոչ անգամ մեկ տարում լուծել, քանի որ ազատման դիմում ներկայացրածները հիմնականում այնպիսի մասնագետներ են, առանց որոնց ՀԱԷԿ-ը չի կարող վերագործարկվել եւ բնականոն շահագործվել: Իսկ նրանց փոխարինողներ պատրաստելու համար տարիներ է պետք: Բայց նման մասնագետները միջինը ստանում են 150 հազար դրամի կարգի աշխատավարձ: Ավելին, վերջին տարիներին ՀԱԷԿ-ի աշխատակիցների եւ ատոմային էներգիայի ոլորտի միջազգային կառույցների շփումները նպաստել են, որ հայ մասնագետները իրենց «արժեքը» ավելի լավ գիտակցեն: Նրանց մեծ մասը շատ լավ գիտակցում է, որ ցանկության դեպքում կարող է առանց դժվարության աշխատանքի տեղավորվել եվրոպական երկրներում եւ այնտեղի ատոմակայաններում աշխատել մի քանի հազար դոլար կամ եվրո աշխատավարձով, անվճար բնակարանով: Կանադական եւ ռուսական ատոմակայաններից եւս մշտապես հետաքրքրված են ՀԱԷԿ-ի մասնագետներով: Մի խոսքով, բավական է ՀԱԷԿ-ի աշխատակիցները ցանկություն հայտնեն, եւ նրանց տեղափոխումը դառնում է տեխնիկայի խնդիր: Ստեղծված իրավիճակի հետ կապված երեկ մեզ չհաջողվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից մեկնաբանություն ստանալ, քանի որ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանի հեռախոսն անջատված էր:

Սեպտեմբեր 23, 2011 at 01:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր