

Հայկ Գեւորգյան, Հայկական ժամանակ
Վերջին շրջանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կուլիսներում բավական տխուր լուրեր են շրջանառվում:
Ըստ այդմ, հայկական նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները գնալով մարում են: Խնդիրն այն է, որ նոր ատոմակայան կառուցելու հարցում մերոնք հիմնական հույսը դրել էին ռուսների վրա: Իսկ ռուսներն էլ կարծես թե որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում Հայաստանում նոր ատոմակայանի նկատմամբ:
Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում նոր ատոմակայանի անհրաժեշտություն Հայաստանում պարզապես չկա: Վերջին տարիներին ՀՀ էներգաարտադրության ոլորտում հսկայական ներդրումներ են իրականացվել, սակայն արտադրված էլէներգիայի սպառման հնարավորությունները խիստ սահմանափակ են: ՀՀ-ում արտադրված էլէներգիան շատ քիչ քանակությամբ արտահանվում է միայն Իրան: Ոչ Վրաստանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը մեզնից էլէներգիա չեն գնում: Այս պայմաններում հսկայական ներդրումներ կատարելը եւ նոր ատոմակայան կառուցելը դառնում է անիմաստ: Եւ ոչ միայն նոր ատոմակայանը, այլ նաեւ եղած էլեկտրակայանների արդյունավետ աշխատանքն է կասկածի տակ:
Օրերս ռուսական «Ռեգնում» գործակալությունը տարածել էր իր աղբյուրներից ստացված տեղեկատվություն, որ այս տարվա նոյեմբերին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Պուտինը ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման նոր ռազմավարական ծրագիր ստորագրելու համար: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվության պատասխանատու Լուսինե Հարությունյանը երեկ ոչ հաստատեց, եւ ոչ էլ հերքեց այդ տեղեկատվությունը. «Մենք նման տեղեկատվություն չունենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա: Ճիշտն ասած, այնքան էլ կարեւոր չէ, թե ով է գալու կամ երբ է գալու: Ռուսները կարող են նույնիսկ չգալ եւ այդ փաստաթուղթը մշակել ու հաստատել հենց Մոսկվայում` առանց մերոնց մասնակցության: Մեր էներգետիկ համակարգը գրեթե ամբողջությամբ կամ ռուսական պետական ընկերությունների սեփականությունն է, կամ էլ կառավարվում է դրանց կողմից: Կարեւորն այն է, թե ինչի մասին է այդ ռազմավարական ծրագիրը: Ըստ գործակալության աղբյուրների, նոր ծրագրի նպատակը լինելու է էներգահամակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը: Խնդիրն այն է, որ ռուսների կողմից դեռ 7-8 տարի առաջ սկսված հայկական էներգահամակարգի ձեռնարկությունների «փաթեթով» գնելը, ըստ էության, քաղաքական խնդիր էր: Այսինքն, ռուսները մեր էներգահամակարգը ձեռք էին բերում ոչ թե այստեղ եկամտաբեր բիզնես իրականացնելու, այլ ռուսական ներկայությունը Հայաստանում ամրապնդելու համար: Իսկ նման դեպքերում տնտեսագիտական հաշվարկները երկրորդ պլան են մղվում:
Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե Հայաստանում գործող բոլոր էլեկտրակայանները աշխատեն իրենց ամբողջ հզորությամբ, ապա արտադրված էլէներգիան զգալիորեն ավելի շատ կլինի, քան կարելի է սպառել: Այդ իսկ պատճառով մեր որոշ էլեկտրակայաններ աշխատում են թերբեռնված, ինչը զգալիորեն կրճատում է դրանց արդյունավետությունը: Նոր ռազմավարական ծրագրով փորձ է արվելու այսպիսի ավելցուկային հզորությունների պայմաններում բարձրացնել էներգահամակարգի արդյունավետությունը: Ակնհայտ է, որ այս ծրագրի մեջ նոր ատոմակայանը ոչ մի կերպ չի տեղավորվում: Ատոմակայան, որի կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 3.5-4 միլիարդ դոլարի ներդրում, եւ որը տարեկան արտադրելու է 5 միլիարդ կվտ ժամ էլէներգիա: Ում ենք ծախելու այդքանը, ոչ ոք չգիտե:
Սեպտեմբեր 30, 2011 at 11:23
