

News.am
Թերթը գրում է, որ հնարավոր է` մեկ ամիս առաջ ազատման դիմում ներկայացրած Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակիցները այսօր վերջին անգամ գնան աշխատանքի:
«Մեր տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին հանձնարարել է նրանց ազատման հրամանները ստորագրել: Սա նշանակում է, որ ՀԱԷԿ-ը չի վերագործարկվի եւ պետք է առժամանակ կոնսերվացվի՝ շահագործման համար անհրաժեշտ մասնագետների զգալի մասը հենց դիմում ներկայացրած աշխատակիցներն են: Հիշեցնենք, որ դիմումատուները ՀԱԷԿ-ի տնօրինությունից պահանջել էին վերանայել և բարձրացնել իրենց աշխատավարձերը: Մեր տեղեկություններով` Արմեն Մովսիսյանը խորհրդակցության ժամանակ ասել է, որ ինքը 1 ամսում կլուծի մասնագետների հարցը: ՀԱԷԿ-ի համար մասնագետներ գտնելը ոչ միայն Հայաստանի նման երկրի, այլև զարգացած երկրների համար կարող է շատ բարդ խնդիր լինել: Ամեն դեպքում մասնագետների հարցը լուծելու առաջին նախապայմանը պետք է լինի աշխատավարձերի վերանայումը:
Կարծիքներ կան, սակայն, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այս խնդիրը շուտափույթ լուծել: Փորձագետների գնահատմամբ` ՀԱԷԿ-ի շահագործումը դադարեցնելով՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարեն ջերմային էլեկտրակայանները, որոնք ատոմակայանի գործելու պայմաններում գրեթե պարապուրդի են մատնվում: Այնինչ ՀՀ-ում մեծ ներդրումներ են արվել ՋԷԿ-երի կառուցման ոլորտում ու հիմա այդ ներդրումները հետ բերելու համար անհրաժեշտ է, որ դրանք աշխատեն ամբողջ հզորությամբ, ինչը հնարավոր է միայն ատոմակայանի չաշխատելու պայմաններում: Բանն այն է, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40 տրկոսը ապահովում է ՀԱԷԿ-ը, 40 տոկոսը բաժին է ընկնում հիդորէլեկտրակայաններին, իսկ ՋԷԿ֊երին լավագույն դեպքում բաժին է հասնում էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 20 տոկոսը: ՀԱԷԿ-ի փակվելու դեպքում բացը կլրացնեն ՋԷԿ-երը:
ՀԱԷԿ-ն առայժմ չի վերագործարկվի
Վահագն Հովակիմյան, Հայկական ժամանակ
Երկու օրից լրանում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 158 աշխատակիցների կողմից ազատման դիմումներ ներկայացնելու մեկ ամիսը: Ներկայացնում ենք ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի հետ մեր հարց ու պատասխանը.
- Պարոն Մարկոսյան, այս պահին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ խնդրի լուծման որեւէ կոնկրետ ծրագիր քննարկվու՞մ է, թե՞ ոչ:
- Եթե կոնկրետ բան քննարկվեր, մենք խնդրի լուծման պոչը կտեսնենք, չէ՞: Կոնկրետ բան չի քննարկվում: Խնդիրը գիտենք, մտածում ենք:
- Աշխատողների հետ հարաբերությունները ինչպիսի՞ն է:
- Նորմալ, տեսնում-բարեւում ենք, գալիս են իրենց պարտականությունները կատարում, գնում են տուն:
- Իսկ ամսի 21-ից հետո, երբ մեկամսյա ժամկետը լրանա, նրանք շարունակելո՞ւ են աշխատանքի գալ, թե՞ ոչ: Այս առնչությամբ կոնկրետ պահանջ դրե՞լ են:
- Ես նման տեղեկություն չունեմ, կապրենք` կտեսնենք:
- Իսկ հնարավո՞ր է չգան աշխատանքի:
- Ես որտեղի՞ց իմանամ:
- Ձեզ` որպես տնօրենի, պետք է, որ զգուշացրած լինեն, չէ՞:
- Ոչ մի բան էլ չի կարելի բացառել:
- Իսկ ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստեղծված իրավիճակին ինչպե՞ս է վերաբերվում:
- Խնդրին ծանոթ են: Ինչպե՞ս պետք է վերաբերվեն, ի՞նչ պետք է անեն:
- Եթե ամսի 21-ից հետո դիմում գրած աշխատակիցները գործի չգան, իրենք կարո՞ղ են արգելել ատոմակայանի վերագործարկումը:
- Եթե աշխատակիցները գործի չգան, արդեն բնականոն հնարավոր չի լինի ատոմակայանը վերաթողարկել, կոմիտեի պահանջով դա չի լինի: Ատոմակայանը պարզապես չի կարող առանց այդքան մարդու աշխատել:
- Ինչպե՞ս եք լուծումը պատկերացնում, ինչ-որ լուծում, այնուամենայնիվ, պետք է, որ պատկերացնեք, չէ՞:
- Ես ի պաշտոնե պարտավոր եմ բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնելով մտածել եւ պատրաստ լինել: Ես, որպես տնօրեն, պարտավոր եմ ապահովել ատոմակայանի անվտանգությունը. առաջին հերթին:
- Ի՞նչ է դա ենթադրում:
- Ատոմակայանը բերել այն վիճակին, որ եղած մարդկանց քանակով կարողանամ ապահովել անվտանգությունը, բայց դա չի նշանակում աշխատել:
- Այսինքն, դա չի՞ ենթադրում վերագործարկում:
- Ատոմակայանի յուրահատկությունն այն է, որ վերանորոգման ժամանակ եւս անվտանգությունը պետք է ապահովես: Աշխատանքի ընթացքում դա մի փոքր այլ ծանրաբեռնվածությամբ է արվում, այս ռեժիմում` այլ, բայց խնդիրները մնում են նույնը:
- Այսինքն, դուք ելնում եք այն տարբերակից, որ խնդիրը կարող է չլուծվել եւ ատոմակայանը կարող է զրկվել 158 աշխատողների՞ց:
- Ես պարտավոր եմ դա հաշվի առնել: Մեզ մոտ հո ամեն օր երկրաշարժ չի լինում: Բայց մենք պարտավոր ենք իմանալ այդ դեպքում ինչպես վարվել: Սա էլ նույն իրավիճակն է: Պարտավոր ենք նման էքստրեմալ պայմաններին պատրաստ լինել: Ցավոք, այլ բան չեմ կարող ասել:
Ատոմակայանի 158 աշխատակիցներ հոկտեմբերի 21-ից այլեւս չեն գնալու աշխատանքի
News.am
Հայկական ատոմակայանի տնօրինությանը աշխատավարձը բարձրացնելու խնդրով դիմած 158 աշխատակիցներ հոկտեմբերի 21-ից այլեւս չեն գնալու աշխատանքի:NEWS.am-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին նրանք ներկայանալու են աշխատանքի, պահանջեն վերահաշվարկ, հանձնեն անցագրային քարտերը եւ այլն: Ի դեպ, մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ նախարարն ասել, է, որ աշխատավարձը բարձրացնել հնարավոր չէ, ոչ մի գումար չկա, կայանը թող կանգնի, 158 աշխատակիցները դուրս չեն գա աշխատանքից միայն այն դեպքում, եթե նրանց պահանջը կատարվի եւ աշխատավարձերը բարձրացնեն;
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել էր Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին:
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել: Ատոմակայանը սեպտեմբերից գտնվում է պլանային վերանորոգման մեջ, որը պետք է տեւի 46 օր: Ըստ լուրերի` դիմում գրած աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:
Հոկտեմբեր 20, 2011 at 15:48
