

Ա1+
Մեծամորի ատոմակայանում սկսվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած 158 աշխատողների դիմումների մակագրման գործընթացը: «Գործը տանում են ատոմակայանի փակմանը, - «Ա1+»-ին ասաց ատոմակայանի աշխատակիցներից մեկը:
Ըստ նրա, տնօրեն Գագիկ Մարկոսյանը համաձայն էր, որպեսզի ներքին ռեսուրսների հաշվին նոյեմբերից կամ դեկտեմբերից 25-30 տոկոսով բարձրացվի աշխատակիցների աշխատավարձը:
Սակայն, ըստ մեր աղբյուրի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը մերժել է աշխատավարձերը բարձրացնել: Այնուամենայնիվ, նախարարն, ըստ մեր աղբյուրի, ասել է, որ կարող է թույլ տալ աշխատավարձերի բարձրացում 10 տոկոսով, բայց մյուս տարվանից:
Այս պահին տնօրենն արդեն մակագրել է աշխատակիցների մի մասի դիմումները: Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ այսօր առավոտյան աշխատանքից ազատվելու պատրաստակամություն է հայտնել ատոմակայանի եւս 500-ից ավելի աշխատակից:
Էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը չմեկնաբանեց՝ ասելով, թե գործընթացը դեռ շարունակվում է։ «Ոչինչ դեռ պարզ չէ, ամեն ինչ դեռ քննարկվում»,- ասաց մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանը։ Նրա ասելով, առայժմ չի բավարարվել աշխատավարձի բարձրացման պահանջը:
Ատոմակայանի որոշ աշխատակիցների ազատման դիմումներն արդեն ստորագրվել է. պնդում են աշխատակիցները
News.am
Հայկական ատոմակայանի տնօրինությանը աշխատավարձը բարձրացնելու պահանջով դիմած 161 աշխատակիցներից շուրջ 150-ի` աշխատանքից ազատման դիմումներն արդեն ստորագրվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ատոմակայանի աշխատակիցներից մեկը, ով նույնպես ազատման դիմում է ներկայացրել: Նրա խոսքով, մնում է մոտ 10 հոգու դիմում, որոնք դեռ չեն մակագրվել: Իսկ էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շարունակվում են քննարկումները եւ առայժմ չկա որոշում. «Միգուցե ինչ-որ մարդիկ դիմումներ տվել են, միգուցե հետ կվերցնեն, միգուցե նրանց փոխարեն ուրիշները կտան, այս պահին չեմ կարող ասել մինչեւ ամբողջ գործընթացը չավարտվի եւ իմի չբերվեն արդյունքները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանի շուրջ 160 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Լուսինե Հարությունյանը նշել էր, որ դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած աշխատանքից. «Շատ է, թե քիչ, դա այլ հարց է, այս պահին որեւէ բան ասել չեմ կարող, հարցը կքննարկվի, ինչ որոշում կկայացվի, մամուլը կտեղեկացվի»,- ասել էր Լուսինե Հարությունյանը` հավելելով, որ խնդիրը կներկայացվի նախարարին:
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց անհնար է ատոմակայանը շահագործել:
Ըստ լուրերի` դիմում գրած աշխատակիցները դեռեւս մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ ՀԱԷԿ ղեկավարությանը դիմում են ներկայացրել եւ խնդրել բարձրացնել աշխատավարձերը` նշելով, որ գների վերջին թանկացումներից հետո 120 կամ 150 հազար դրամ աշխատավարձով չեն կարող իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծել:
Չուկչան եւ ՀԱԷԿ-ը
Էդ.Ա., Yerkir.am
Մի չուկչա զինվոր նստել էր միջմայրցամաքային հրթիռի վրա ու մուրճով աննպատակ հարվածում էր որ մասին պատահի:
- Ի՞նչ ես անում, կպայթի, ախր,- նեղսրտում է ռուս սպան:
- Ոչինչ,- ժպտում է չուկչան,- մեր զորամասում սրանից շատ կա:
Հիմա Հայկական ատոմակայանի 160 աշխատակիցներ բիրիքով հեռացվել են աշխատանքից ու նրանց տեղը պիտի լրացվի չգիտես ումով (գուցե նաև համարձակ չուկչաներով), որովհետև համապատասխան մասնագետներ, ինչպես էներգետիկներն են նշում, հնարավոր կլինի պատրաստել միայն միայն 2-3 տարում: Աշխատանքից չազատված մասնագետները, փաստորեն, պիտի գործը յոլա տանեն երկու հերթափոխով: Իսկ ատումակայանի գործը, որքան հասկանում ենք, յոլա տանելով չի: Այստեղ հնարավոր չէ աշխատել տաքսու վարորդի ռեժիմով:
Կայքերից մեկն իրավացիորեն նկատել էր, որ այս բնագավառի մասնագետների կարիք դրսում շատ է զգացվում եւ ամենայն հավանականությամբ այդ 160 աշխատողներն իրենց ընտանիքներով կլքեն երկիրը` դրսում նորմալ վարձատրվող մասնագիտական աշխատանք գտնելու նպատակով: Մեր կարծիքով` սա դեռ հարցի մի կողմն է: Իսկ ի՞նչ կարող են մտածել ՀՀ մյուս քաղաքացիները, ովքեր տեսնում են, որ իրենց պետությունը այնպիսի մի հարցի, ինչպիսին ատոմակայանի հարցն է, նայում է այսպես մատների արանքով, ասես խոսքը ոչ թե ստրատեգիական հսկայական նշանակության օբյեկտի է վերաբերում, այլ կրծողների դեմ պայքարին: Ինչ-ինչ, բայց ատոմակայանի պարագայում երևի թե ժամերի ընթացքում պետք է լուծվեր ընդամենը 160 մարդու խնդիր, որ նույնիսկ մեկ հերթափոխ չխաթարվեր: Իսկ մեր իշխանության համար դա հարց էլ չի կարծես:
Երանի թե սա ատոմակայանի վրա ուշադրություն հրավիրելու, նրա համար այստեղից-այնտեղից լրացուցիչ փող կպցնելու մի հնարանք լինի: բայց նույնիսկ այս դեպքում առավել քան անհասկանալի է կառավարության պահվածքը: Դա չեն կարող չնկատել նաև ատոմային էներգիայի արտադրության ավտանգության գծով միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են եւ հասնել ՀԱԷԿ-ի փակմանը: Իսկ թե ինչ կտա դա մեզ, կարծում ենք` բոլորն են հասկանում:
Հոկտեմբեր 24, 2011 at 14:54
