Գազային կամ այլ ինտրիգներ հայկական ԱԷԿ-ի շուրջ

Գազային կամ այլ ինտրիգներ հայկական ԱԷԿ-ի շուրջ

ԷկոԼուր

Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանի հայտարարությունը, որ ՀԱԷԿ-ի որակավորված անձնակազմի հեռացմամբ հնարավոր է կայանի ժամանակավոր կոնսերվացում, առաջացրել է մասնագետների անհանգստությունը: Հայտարարությունը հնչեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանձնարարականին հղումով, ով հրաժարվեց բարձրացնել գործադուլի դիմած մասնագետների աշխատավարձը: Նախնական տվյալներով 158 աշխատակիցներ վերջնահաշվարկ պետք է ստանային հոկտեմբերի 21-ին:

ՀԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը կարծում է, որ դա անպատասխանատու որոշում է: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում նա ասաց. «Երբ հարկավոր էր 4-ամյա դադարից հետո ՀԱԷԿ-ը վերագործարկել, մենք առաջին հերթին բախվեցինք երկար ժամանակ չաշխատած մասնագետների խնդրի հետ: Բազա պատրաստեցինք, ինստիտուտներում` հատուկ խմբեր, ՀԱԷԿ-ում բացեցինք ուսումնական կոմբինատ, Մեծամորում` քոլեջ, որտեղից ընտրում էինք ամենից շնորհալիներին: Եւ ահա ՀԱԷԿ-ը գործարկվեց: Այժմ թողնում են, որ  մասնագետները հեռանան` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մեր կայանը, համեմատած արեւմտյան նոր կայանների հետ,  ավտոմատացման ցածր մակարդակ ունի: Այս թերությունը որակյալ մասնագետների հաշվին է փոխհատուցվում»:

Սուրեն Ազատյանը նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններում հաջորդականություն չի տեսնում: «Մեկ խոսվում է հարեւան երկրներին էկեկտրաէներգիա վաճառելու ռազմավարական ծրագրերի եւ ՀԱԷԿ-ի նոր բլոկի բացման մասին, իսկ այժմ կայանի կոնսերվացման մասին եւ մասնագետների աշխատանքից հեռացման, եւ այն մասին, որ էլեկտրաէներգիայի պակասը կլրացնեն ՋԷԿ-ի հաշվին: Այսինքն` հնչում են հայտարարություններ, որոնք տվյալ պահով են թելադրված: Բոլորը պետք է հասկանան, որ օպերատիվ անձնակազմին աշխատանքից հեռացնելը նշանակում է կայանի կանգնեցում…, իսկ թե ինչ է կոնսերվացիան, մենք հրաշալի գիտենք մեր դառը փորձից: Ատոմակայանի հետ նման խաղեր չի կարելի խաղալ: Ատոմակայանի նման օբյեկտները պատասխանատվության եւ անվտանգության բարձր աստիճան են պահանջում»,- ասում է Ազատյանը:

Նա կարծում է, որ ՀԱԷԿ-ի արտադրանքը ՋԷԿ-ի արտադրանքով փոխելը կբերի տարիֆի աճի, քանի որ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ՀԱԷԿ-ում մոտ 7-9 դրամ է: Իսկ ՋԷԿ-ն աշխատում է գազով, որը տարեցտարի թանկանում է: Վերագործարկումից հետո` 15 տարվա ընթացքում,   ՀԱԷԿ-ը տարեկան 2 միլիարդ կՎտ/ժ  էլեկտրաէներգիա է կայուն արտադրել, որը կազմում է հանրապետությունում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի   40%-ը:

«Ինչո՞ւ չեն մեծացնում աշխատավարձային ֆոնդը: Դա միանգամայն հնարավոր է: Մեզ ժամանակին առաջարկեցին կրճատել աշխատողներին, բայց մենք չհամաձայնվեցինք եւ հաշվարկներ բերեցինք»,- ասաց Ազատյանը: Նրա խոսքերով` ՀԱԷԿ-ի շուրջ այն ժամանակ էլ էին խաղեր խաղում: «Բարձրացրեցին միջուկային վառելիքի գները, ֆինանսական կառավարումը տվեցին ռուսական կոնցեռնին: Թե ինչ խաղեր են հիմա խաղում` գազային, թե միջուկային, ես չգիտեմ, բայց վստահ եմ, որ ատոմակայանը, որպես էլեկտրաէներգիայի աղբյուր եւ ռազմավարական կարեւոր օբյեկտ, պետք է գործարկվի նախատեսված ժամկետին` մինչեւ ձմռան ցրտերը: Դրա համար պարզապես անհրաժեշտ է լուծել աշխատավարձի հարցը ոչ միայն օպերատիվ անձնակազմի համար, այլ ողջ անձնակազմի` հաշվի առնելով, որ ատոմակայանում բարոյահոգեբանական մթնոլորտը մարդկային գործոնի հիմնական տարրն է, որն իր հերթին ապահովում է անվտանգության 40%-ը: Գագիկ Մարկոսյանը հրաշալի տիրապետում է այդ հարցերին եւ, որպես գլխավոր տնօրեն, հաստատում է հաստիքացուցակը, կնքում է աշխատանքային պայմանագրեր աշխատողների հետ: Նա էլ հենց պետք է հասնի որոշման` անկախ նրանից թե որտեղ է այն համաձայնեցվել` վարչապետի, թե տնօրենների խորհրդի մոտ»,- ասաց նախկին տնօրենը:



Հոկտեմբեր 24, 2011 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր