Չափումներ Մեծամորի մոտ

Չափումներ Մեծամորի մոտ

Մանվել Մանվելյան, Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան սկսել է ավելի ակտիվորեն շահարկել Մեծամորում տեղակայված Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության հարցը: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը երեկ հայտարարել է, որ անվտանգության համար պատասխանատու համապատասխան կառույցներին հանձնարարել է անհապաղ չափել ռադիոակտիվ ճառագայթման աստիճանը, քանի որ մտավախություններ ունի, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Մեծամորի ԱԷԿ-ում կարող են արտանետումներ գրանցվել: Սա այն դեպքում, երբ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը արդեն պարզաբանել է, որ Վանի երկրաշարժը չէր կարող վնասներ հասցնել Մեծամորի ԱԷԿ-ին, քանի որ այն կառուցված է 9 բալանոց երկրաշարժի հաշվարկով, իսկ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը այդ տարածքում կազմել է ընդամենը 3 բալ եւ չէր կարող որեւէ վնաս հասցնել ԱԷԿ-ին:

Այնուամենայնիվ, այս փաստը, կարծես, բոլորովին էլ չի հետաքրքրում թուրքական կողմին. Յըլդըզը հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է իրավական միջոցներ ձեռք առնել Մեծամորի ԱԷԿ-ի դեմ, որը, նրա խոսքերով, աշխարհում տեխնիկապես ամենամաշվածներից մեկն է եւ լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Սա հիմք ընդունելով` նա ասել է, որ առաջիկա ժամանակներս Անկարան բողոք է ներկայացնելու է Միջուկային անվտանգության միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԵ)` պահանջելու թուրք մասնագետների մասնակցությամբ նոր ստուգումներ անցկացնել Հայկական ԱԷԿ-ում եւ Հայաստանին ստիպել շահագործումից հանել այն:

Ինչպես տեսնում ենք, Թուրքիան Մեծամորի ԱԷԿ-ի փակմանը հասնելու համար այժմ էլ որպես հարմար առիթ օգտագործում է Վանի երկրաշարժը: Ավելի վաղ այդ նպատակին ծառայեցվում էր այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու դրա հետեւանքով Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը:

Նոյեմբեր 01, 2011 at 12:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր