Ռուսաստանը կարող է զրկվել թույլ հարստացված ուրանի Հայաստան մատակարարման մենաշնորհից

Ռուսաստանը կարող է զրկվել թույլ հարստացված ուրանի Հայաստան մատակարարման մենաշնորհից

ԷկոԼուր

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Աստանայում ստորագրվել է համաձայնագիր Ղազախստանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև թույլ հարստացված ուրանի բանկ ստեղծելու վերաբերյալ: Նման բանկի ստեղծումը կարող է խոչընդոտել ատոմակայանների համար միջուկային վառելիքի մատակարարման մենաշնորհներին:

«Այս ծրագիրը իրենից ներկայացնում է միջուկային վառելիքի երաշխավորված մատակարարման մեխանիզմի ստեղծում քաղաքական շարժառիթների դեպքում մատակարարման արգելքի ժամանակ և իրենից ներկայացնում է այսպես կոչված միջուկային վառելիքի ցիկլի մոտեցումների մարմնացում: Խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման խնդիրն այն է, որ պետությանը հասանելի են դառնում ուրանի հարստացման տեխնոլոգիաները, այսինքն, նման տեխնոլոգիաները հանդիսանում են ուղիղ ճանապարհ միջուկային զենքի ստեղծման համար: Նման բանկերի ստեղծման միջոցով ՄԱԳԱՏԷ-ն և միջազգային հանրությունը ձգտում են նրան, որ պետությունները չստեղծեն հարստացուցիչներ իրենց տարածքներում, այլ դիմեն հենց բանկին: Հիմա նրանք կարող են ազատ գնել միջուկային վառելիք միջազգային շուկայում, բայց պատկերացնենք, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ, օրինակ, կփակեն նույն Հայաստանի բոլոր ճանապարհները դեպի միջազգային շուկա, կամ խնդիրներ կառաջանան հիմնական մատակարարողներից մեկի հետ: Այս պարագայում Հայաստանը կարող է դիմել բանկին և ստանալ վառելիք իր Մեծամորի ատոմակայանի համար», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նազարբաև Համալսարանի Բարձրագույն Կրթության Դպրոցի ավագ գիտաշխատող, միջազգայնագետ Դաուրեն Աբենը:

Թույլ հարստացված ուրանի բանկը գտնվելու է Ուստ-Կամենոգորսկի Ուլբինյան մետալուրգիական գործարանում` Ղազախստանի արեւելքում: «Դա Ղազախստանի ատոմային արդյունաբերության առաջատար ձեռնարկություն է: Ունի շատ մեծ փորձ հենց նման տեսակի նյութերի պահեստավորման համար: Իմ կարծիքով` անվտանգության հետ կապված խնդիրներ չպետք է ծագեն: Այնտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները նման բանկի ստեղծման համար», - ասաց Դաուրեն Աբենը և հավելեց, որ բանկի տարածքը կզբաղեցնի Ուլբինյան գործարանի պահեստի մոտ 10 %-ը:

Դ. Աբենի խոսքով՝ նախաձեռնությունը եղել է ամերիկյան հիմնադրամի կողմից` ուղղված միջուկային սպառնալիքների նվազեցմանը, իսկ Ղազախստանը աջակցել է այդ նախաձեռնությանը: 2009 թվականի ապրիլին Ղազախստանը պատրաստակամություն հայտնեց տրամադրել տարածք: «Այդ ժամանակվանից ընթանում են բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ, և ահա այսօր արդեն ստորագրված է համաձայնագիրը: Այս ծրագիրը Ղազախստանի համար զուտ հեղինակության հետ կապված ծրագիր է, որը, կարելի է ասել, Ղազախստանի համար, որպես պետության, կոմերցիոն շահ չունի: Հնարավոր է, որ ինչ-որ կոմերցիոն օգուտ ստանա մեր ազգային օպերատորը՝ «Կազատոմպրոմ»-ը այն դեպքում, եթե մասնակցի միջուկային բանկի համար նյութերի մատակարարման մրցույթին», - ասաց Դաուրեն Աբենը:

«Նյութը, որը գտնվում է բանկում, ՄԱԳԱՏԷ-ի սեփականությունն է, այսինքն, Ղազախստանը չի կարող ազդել որոշումների վրա: Մենք հանդես ենք գալիս մի երկրի դերում, որը տրամադրում է իր տարածքը: Կարծում եմ, Ղազախստանը իր ողջ փորձով, իր ողջ պատմությամբ ապացուցել է, որ ինքը կանխատեսելի գործընկեր է և մեզանից հասանելիության արգելքի տեսակետից ինչ-որ անակնկալներ սպասել չարժե», - նշեց Դաուրեն Աբենը:

ԷկոԼուրը այս հարցի կապակցությամբ զրուցեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի հետ: Մենք հետաքրքրվեցինք, թե հնարավոր է արդյոք, որ Ղազախստանում բանկի ստեղծումից հետո Հայաստանը սկսի ստանալ թույլ հարստացված ուրան Ղազախստանից: Ի պատասխան Սամվել Մկրտչյանը ասաց. «Մենք ստանալու ենք միջուկային վառելիք Ռուսաստանից: Սա այն պարագայում է, եթե քո ավանդական մատակարարման սխեմաները չեն աշխատում: Դա դեռ նախաձեռնություն է և պետք է գործի 2017 թվականից: Հիմա ընդամենը համաձայնագիրն է ստորագրվում: Դա այլընտրանքային տարբերակ է` այդ ոլորտում գործունեության, հարաբերությունները երաշխավորելու, բայց երկրները շարունակելու են իրենց ավանդական գործունեությունը, և այստեղ որևէ խնդիր չկա»:

Օգոստոս 27, 2015 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր