

ԱրմԻնֆո
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն արձագանքել է Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության շուրջ Թուրքիայի խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից բարձրացված աղմուկին:
«Օրերս Թուրքիայի մեջլիսի պատգամավորները հերթական անհիմն աղմուկն են սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության թեմայով: Նրանք «անհանգստություն» են հայտնել, թե իբր Իգդիրից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը գործում է սեյսմավտանգ գոտում և սպառնում է Թուրքիայի արևելյան շրջաններին: Նշել են նաև, որ ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության /ԱԷՄԳ/ դասակարգման` անվտանգության տեսանկյունից ՀԱԷԿ-ը նախավերջինն է աշխարհի 146 ատոմակայանների շարքում: Այդ տեղեկություններն իհարկե չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դրանք հնարավոր չէ գտնել ԱԷՄԳ-ի որևէ փաստաթղթում: ԱԷՄԳ «Միջուկային էներգետիկական ռեակտորները աշխարհում» 2009 թվականի հրատարակության մեջ նշված է, որ միջուկային էներգետիկական բլոկների թիվը աշխարհում 438 է, որոնք տեղավորված են 200 հարթակների վրա: ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ նախագահին կից «Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի» մշտական ուշադրության կենտրոնում, իսկ այդ խորհրդում ընդգրկված են աշխարհի լավագույն մասնագետներ: Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները մշտապես համակարգվում են ԱԷՄԳ-ի կողմից: Համաձայն «Միջուկային անվտանգության կոնվենցիայի» պահանջների` Հայաստանը երեք տարին մեկ անգամ ԱԷՄԳ է ներկայացնում «Միջուկային անվտանգության մասին ազգային հաշվետվություն», որը բաց է ԱԷՄԳ անդամ բոլոր երկրների համար: Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, ապա 2009 թվականին միջազգային փորձագետների մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ հետազոտություններ: Այդ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` անհանգստության որևէ առիթ չկա: Դրանից բացի ՀԱԷԿ-ի շրջակայքում, 50 կմ շառավղով, Հայաստանի բնակչության թիվը հասնում է 2,145մլն.-ի, իսկ Թուրքիայինը` 126 հազարի»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Ապրիլ 12, 2010
