ԷկոԼուր
Հայաստանը և Եվրամիությունը պատրաստել են նոր համաձայանագիր Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին, որի կետերից մեկը վերաբերում է Հայկական ատոմային էլեկտրակայանի փակմանը: Այս կետը չի հակասում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման մասին ՀՀ կառավարության որոշմանը, սակայն անորոշություն է մտցնում պետության միջուկային քաղաքականության մեջ, ինչը մեծամասամբ կախված է այս հարցում Հայաստանի գործընկերոջից` Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություն «Ռոսատոմ» պետական կորպորացիայից, միջուկային վառելիք մատակարարող «ՏՎԷԼ» կոնցեռնից և այլն: Անորոշությունը նաև կապված է նրա հետ, որ ՀԱԷԿ-ի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը սահմանափակ է, ինչը բարդացնում է տվյալների ստուգումը:
ԷկոԼուրը ուշադրություն է հրավիրում «Ատոմային էներգետիկան Հայաստանում. Ռիսկերը, պատասխանատվությունը և անվտանգությունը» աշխատության վրա, որը պատրաստվել է «Հանուն Հարավային Կովկասում էներգետիկ պարադիգմի փոփոխությունների» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Protestant Agency for Diakonie and Development for Bread for the World Protestant Development service» կազմակերպության աջակցությամբ և «Կանաչ այլընտրանք» (Վրաստան) ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Աշխատության մեջ դիտարկվում է Հայաստանի միջուկային էներգետիկայի հիմնական օբյեկտը` Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և նրա շահագործման անվտանգության և աշխատած միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների թաղման, հարակցող ենթակառուցվածքների անվտանգության, ինչպես նաև անվտանգության ապահովման միջոցառումների հետ կապված գործընթացները:
Աշխատության մեջ գնահատական է տրված ՀԱԷԿ-ի ռիսկերին` մասնավորապես կապված միջուկային ռեակտորի նախագծման և տեխնոլոգիայի սեփական ռիսկի հետ, վթարային իրավիճակների հետ, սեյսմիկ ռիսկերի հետ, ռեակտորի հովացման համար ջրի անբավարարության ռիսկի հետ և ՀԱԷԿ-ի այլ պահանջմունքների հետ, աշխատած վառելիքի պահման ավազանից արտահոսքի ռիսկի հետ, ՀԱԷԿ-ի տարածքում խիտ բնակեցվածության հետ, ՀԱԷԿ-ի տարածքից դուրս, օդի, հողի, ջրի, գյուղմթերքի պարբերական մշտադիտարկման բացակայության հետ, որակավորված կադրերի արտահոսքի հետ, միջուկային վառելիքի մատակարարումից կախվածության հետ, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման արդյունքում նոր ռիսկերի հետ, ռադիոակտիվ թափոնների թաղման համար նոր տարածքների որոնման հետ:
Եզրակացության մեջ ասված է. «Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտը համալիր որոշումների կարիք ունի` հիմնված բնակչության շահերի պաշտպանության, ազգային և տարածաշրջանային անվտանգության վրա: Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություններում և որոշումներում կառավարությունն առաջարկում է ռիսկերի մասնակի գնահատում և մասնակի արդյունքներ: Սակայն բացակայում են նկարագրված յուաքանչյուր խնդրի վերաբերյալ այլընտրանքային որոշումները: Չկա երկարաժամկետ ժամանակահատվածի համար էներգետիկ անվտանգության գնահատական, հաշվի չի առնված ատոմային էլեկտրակայաններից հրաժարված և ածխածնային վառելիքի պաշարներ չունեցող երկրների փորձը: Չկան տնտեսական գնահատականներ միջուկային էներգետիկան այլընտրանքային էներգետիկայով փոխարինելու վերաբերյալ` հաշվի առնելով բոլոր գործոնները` ֆինանսական, մարդկային, տնտեսական և բնական ռեսուրսները: Անհրաժեշտ է ընդլայնել Եվրամիության մասնակցությունը ոչ միայն ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման գործում, այլև ՀԱԷԿ_ի շահագործման ընթացքում ռիսկերի գնահատումը մշակելիս և ՀԱԷԿ-ը շահագործումից հանելիս, ինչի համար անհրաժեշտ է դիմել միջազգային փորձին: Եւ միայն նման գնահատականներ ստանալուց և հնարավոր այլընտրանքներ ներդնելուց հետո հարկավոր է մշակել Հայաստանի միջուկային էներգետիկ համակարգի անվտանգության ընդհանուր հայեցակարգ այս ոլորտի զարգացման Ռազմավարության փոխարեն:
«Ատոմային էներգետիկան Հայաստանում. Ռիսկերը, պատասխանատվությունը և անվտանգությունը» աշխատության Ամբողջական տարբերակը` այստեղ:
Նոյեմբեր 10, 2017 at 19:37