Կապանում դարձյալ ուրան են որոնում

Կապանում դարձյալ ուրան են որոնում

Գոհար Իսախանյան, Կապան, Lragir.am

Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր, Փուխրուտ եւ Կաթնառատ գյուղերից ոչ հեռու, հենց այս սարերում, մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո արդեն մի քանի օր է վերսկսվել են ուրանի որոնողական աշխատանքները:

"Իրականացնում ենք երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչը ոչ մի տեսակի էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում: Սա շարունակությունն է նախորդ տարվա կիսատ մնացած նախագծի, որը կտեւի մեկ ամիս: Աշխատանքները կատարվում են հին տարածքներում, նոր տարածքներում դրանք նախատեսված չեն”, - ասաց աշխատանքներն իրականացնող “ԱԲՎԱՆ” ՍՊԸ-ի նախագահ Յուրա Գեւորգյանը:

Առայժմ ամեն ինչ կատարվում է ձեռքով, սակայն ընկերության նախագահի հավաստմամբ, առաջիկայում այստեղ կբերվի նաեւ համապատասխան տեխնիկա` հորատման աշխատանքների համար: Աշխատողների թիվը կավելացվի` ներկայիս երեքի փոխարեն կհասցվի տասի: Աշխատանքների ավարտից հետո ընկերությունը հաշվետվություն կներկայացնի համապատասխան մարմիններին եւ սրանով այս տարվա ծրագիրը կավարտվի:

Իսկ թե ինչ կլինի հետագայում, առայժմ պարզ չէ: Սակայն հայտնի է, որ “Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն” ՓԲԸ-ի ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թ. է: Այդ կազմակերպության բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ “Ռոսատոմը”:

Ուրանի որոնողական աշխատանքների վերսկսումը դարձյալ մտահոգել է տարածաշրջանի բնակչությանը: Ինչպես հայտնի է, անցած տարի բնակիչները կազմակերպել են ստորագրահավաք` ուրանի ծրագրի դեմ, որին մասնակցել է 13 հազար 850 մարդ, անցկացվել է բազմամարդ ցույց: Իսկ տարեվերջին “Կապանի տարածաշրջանի զարգացման” հիմնադրամի եւ “Ազատամարտ” կոմիտեի կողմից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին ի պատասխան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կազմակերպություններին հասցեագրած նամակում մասնավորապես նշել էր. «2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են: Այդտեղ ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել հանքավայրի շահագործման ծրագիր»:

Հոկտեմբեր 19, 2011 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր