Շրջակա միջավայրի նախարարությունը արագիլների աղտոտման հնարավոր վայրը դիտարկում է ձկնաբուծարանները

Շրջակա միջավայրի նախարարությունը արագիլների աղտոտման հնարավոր վայրը դիտարկում է ձկնաբուծարանները

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ տեղորոշել և կազմել են այն ձկնաբուծարանների ցանկը, որոնք հնարավոր է՝ լինեն արագիլների աղտոտման աղբյուրներ։ Նախատեսվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների հետ համատեղ այցելել և ուսումնասիրություններ անցկացնել ցանկում ներառված ձկնաբուծարաններում։

«Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։ 

Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։

Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում անընդհատ տեղադրվում են աղտոտված փետուրներով արագիլների լուսանկարներ՝ ահազանգելով խնդրի մասին՝ ի հակադրության ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այն հայտարարության, թե «Արմավիրի մարզում արագիլների մասսայական աղտոտվածությունը՝ ապատեղեկատվություն է»:

Հիշեցնենք, որ 2019թ. ևս արձանագրվեց արագիլների զանգվածային աղտոտում: Աղտոտման պատճառները և մեղավորներին բացահայտելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն 2019 թ. սեպտեմբերին հարուցեց քրեական գործ, սակայն շուրջ ինն ամիս անց հայտարարեց, որ չի կարողացել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվել, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելիություն ունի: Հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճվեց:

Գլխավոր Լուսանկարը՝ Վասիլ Անանյանի

 

19:14 Հուլիս 07, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news