Արդյո՞ք համայնքները բնապահպանական վճարներով իրականացնում են նպատակային ծրագրեր

Արդյո՞ք համայնքները  բնապահպանական վճարներով իրականացնում են նպատակային ծրագրեր

ԷկոԼուր

Բնապահպանական վճարներով հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում իրականացվող ծրագրերը բնապահպանության կամ առողջապահության հետ կապ չունեն: ԷկոԼուրի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ալավերդիի «Համայքնային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը:

ՀՀ օրենսդրության համաձայն` համայնքներում վնասակար ազդեցություն թողնող մի շարք ընկերություններ բնապահպանական վճար են վճարում պետական բյուջե: Այդ գումարներից ազդակիր համայքները կարող են օգտվել` կառավարությանը բնապահպանական և առողջապահական ծրագրեր ներկայացնելով, որպեսզի դրանց իրականացմամբ մեղմվեն ընկերությունների գործունեության բացասական ազդեցությունները:

Ալավերդի, Աքորի և Հաղպատ բնակավայրերում շրջակա միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագրերի իրականացման համար 2019 թ. հատկացվել է 100,5 միլիոն դրամ: Մասնավորապես, 17 307 000 դրամ հատկացվել է Ալավերդի և Աքորի բնակավայրերում երեխաների և մեծահասակների համար խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցման համար, 17 443 000 դրամ՝ փողոցների հենապատերի թափված քարերի, գլխաքարերի վերականգնման, հենապատի և ճեմուղու վերանորոգման համար: Որպես առողջապահական ծրագիր նախատեսվել է 8040000 դրամ Ալավերդի, Հաղպատ և Աքորի բնակավայրերի երեխաներին ամառային ճամբարների ուղեգրերի տրամադրման, 9 984000 դրամ՝ բնակիչներին առողջարանների ուղեգրերի տրամադրման, 5 112 000 դրամ՝ Ալավերդի, Հաղպատ և Աքորի բնակավայրերի հղիներին սնունդ տրամադրելու համար: 2 947 000 դրամ էլ նախատեսվել է Ալավերդի, Հաղպատ և Աքորի բնակավայրերում գտնվող, համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկություններում, բազմաբնակարան շենքերի աղբատարների և աղբամանների, կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի տարածքներում կրծողասպան և միջատասպան աշխատանքների իրականացման համար: Այս միջոցառումների իրականացման ընթացքում տեղի է ունեցել շուրջ 10 միլիոն դրամի չափով տնտեսում, որը հանրային քննարկման արդյունքում որոշվել է ուղղել Ալավերդի քաղաքի Սանահին և Սարահարթ թաղամասերի Գայի փողոցի ճեմուղու վերանորոգմանը:

«Ճեմուղին լավ բան է, բայց այն որևէ կերպ համայնքում բնապահպանական կամ առողջապահական խնդիր չի լուծում: Ծաղիկներ տնկելն, իհարկե, գեղագիտական է, բայց դրանով բնապահպանական խնդիրները չեն մեղմվում: Ալավերդիի մանկապարտեզների և դպրոցների հարակից տարածքներում ծանր մետաղների առկայություն կա, շլակներ կան թափված: Այդ տարածքները պետք է մաքրել, ազատել այդ նյութերից: Բնապահպանական գործողություն կարող է լինել նաև մասշտաբային ծառատունկը»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի պատճառները մի քանիսն են՝ տվյալ ազդակիր համայնքների հասարակության էկոլոգիական ցածր կրթությունը, համայնքների սակավ ֆինանսները, այդպիսի ծրագրեր հաստատող կառավարությունը: Դուլգարյանի կարծիքով՝ իրավիճակը կարող է փոխել էկոկրթության մակարդակի բարձրացումը, ինչը մնացել է քաղաքացիական հասարակության ուսերին: « Պետք է բարձրաձայնել խնդիրներն այնպես, որպեսզի քաղաքացին իսկապես հասկանա այդ խնդիրների կարևորությունը: Կտրուկ քայլեր, մեխանիզմներ են պետք, որոնք մարդկանց շրջանում տեղեկատվական բում կառաջացնեն»,-ասաց նա:

Դուլգարյանը մտավախություն ունի, որ Ալավերդու պղնձաձուլարանի այլևս չաշխատելու արդյունքում կդադարեցվի բնապահպանական սուբվենցիոն գումարների հատկացումը Ալավերդի համայնքին, մինչդեռ Ալավերդիի բնապահպանական և առողջապահական խնդիրները գործարանի փակմամբ չեն վերանում և գուցե նույնիսկ տասնամյակներ են տևելու:

Սույն հոդվածը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հոկտեմբեր 23, 2019 at 13:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր