ՇՄ նախարարության պատասխանը Բնապահպանական հանրային դատարանի՝ «Նահատակի» պոչամբարին առնչվող գործի վճռի վերաբերյալ

ՇՄ նախարարության պատասխանը Բնապահպանական հանրային դատարանի՝ «Նահատակի» պոչամբարին առնչվող գործի վճռի վերաբերյալ

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխան նամակ է ուղարկել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանին՝ արձագանքելով Բնապահպանական հանրային դատարանի՝ ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործի վճռին։ Վճիռը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր ուղարկվել  ս․թ․ մարտի 16-ին։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության N5/04.2/4544 գրությամբ պատասխան նամակում նշված է․

«Ի պատասխան վարչապետին ուղղված Ձեր 2020 թվականի մարտի 12-ին N 09 գրության, կապված Ալավերդի քաղաքում 2020 թվականի փետրվարի 26-ին կայացած ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» բնապահպանական հանրային գործի վերաբերյալ» Բնապահպանական հանրային դատարանի կայացրած ԲՀԴ /02/20 վճռի (այսուհետ` Վճիռ) հետ, հայտնում եմ հետևյալը. փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերի: 

Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի 428-Ն որոշման 8-րդ կետի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված խախտումներ /նախագծային շեղումներ/ հայտնաբերելու դեպքում, խախտումները վերացնելու հանձնարարական է տալիս ստուգվող սուբյեկտին` դրանում նշելով  խախտումները վերացնելու ժամկետը և խախտումները չվերացնելու դեպքում լիազոր մարմնի` եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու  իրավասությունը: 

Համաձայն նույն որոշման 9-րդ կետի` հանձնարարականով սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում, լիազոր մարմինն ուժը կորցրած է ճանաչում բնապահպանական փորձագիտական եզրակացությունը: 

Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N22-Ն որոշման պահանջների, իրականացվում են հանքի փակումից հետո: Դրանց իրականացման նպատակով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերությունը 2017 թվականից յուրաքանչյուր տարի հատկացնում է 225.0 հազ. դրամ: 2020 թվականի մարտի 6-ի դրությամբ հատկացվել է 1245.0 հազ. դրամ, վճարումները կատարվում են ժամանակացույցին համապատասխան:

Գործունեության ընթացքում, համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N191-Ն որոշման, ընդերքօգտագործողը պարտավոր է իրականացնել բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման մշտադիտարկումներ: «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ ներկայացրել է 2019 թվականին իրականացված մշտադիտարկումների հաշվետվությունները (http://www.mnp.am/am/pages/233): Համաձայն ներկայացվածի՝ Նահատակ գետակի ջրերի ընդհանրական որակը պոչամբարից վերև և ներքև գնահատվել է 5-րդ դաս՝ վատ որակ, պայմանավորված քրոմի, նիկելի, կալցիումի, նիտրատ իոնի, սուլֆատ իոնի, կախյալ նյութերի (պոչամբարից վերև) և ամոնիում իոնի, քրոմի, նիկելի, կախյալ նյութերի, կալցիումի, նիտրիտ, նիտրատ և սուլֆատ իոնների (պոչամբարից ներքև) պարունակություններով: 

Մակերևութային ջրերի աղտոտվածության գերազանցումների վերաբերյալ տվյալները ներկայացվում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ջրային ռեսուրսներին հասցված վնասը հաշվարկելու նպատակով: 

Միաժամանակ, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերությանն առաջարկվել է վերանայել մոնիթորինգային ծրագիրը՝ համապատասխանեցնելով այն նախագծային փաստաթղթերում, ՇՄԱԳ հաշվետվություններում, 2017 թվականի նոյեմբերի 14-ի NԲՓ-100 և 2018 թվականի սեպտեմբերի 17-ի NԲՓ-77 փորձաքննական եզրակացություններում ամրագրված դրույթներին և փորձաքննական եզրակացության պահանջներին:

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նույնպես իրականացվում է Դեբեդ և Ախթալա գետերի ջրերի որակի մոնիթորինգ: Այրումից վերև և սահմանի մոտ հատվածում ջրերի ջրերը 5-րդ դասի են` վատ որակի, իսկ Ախթալա գետը` մշտապես 5-րդ դասի: 

Ներկայումս շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի համակարգի հզորացման նպատակով վերանայվում է դիտակետերի ցանցը: Նոր դիտակետերի տեղաբաշխումը թույլ կտա վերահսկել ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված կամ լքված տարածքների աղտոտումը, տարանջատել մետաղներով վարակվածության բնական, ֆոնային մակարդակը և մարդածին ազդեցությունը, մշակել համարժեք կանխարգելիչ միջոցառումներ:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են փորձաքննության գործընթացում լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, իսկ նույն օրենքի 5-րդ գլխում անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության գնահատման և փորձաքննության գործընթացները:

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատումն իրականացնում է ձեռնարկողը համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով: 

Շրջակա միջավայրի և այլ գործոնների մարդու առողջության վրա բացասական ազդեցության պատճառահետևանքային կապը բացահայտելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարատև և խորացված համաճարակաբանական հետազոտություններ` զուգորդելով լաբորատոր հետազոտությունների հետ` ներգրավելով գիտական ներուժը:

Առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման» մեթոդաբանությունը, որը ներկայացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կարծիքին: 2019 թվականի դեկտեմբերին արդեն իսկ կայացել է հանդիպում ԱՀԿ-ի միջազգային փորձագետի հետ և վերջինիս կողմից տրվել են համապատասխան առաջարկություններ: Ներկայումս մեթոդաբանությունը լրամշակվել է, որի արդյունքում մեթոդական ուղեցույցը համապատասխանեցվել է միջազգային գործող մոտեցումներին և գտնվում է հաստատման փուլում: 

2020 թվականին նախատեսվում է իրականացնել հանքարդյունաբերական և մետաղաձուլման արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության ազդեցությամբ պայմանավորված Լոռու մարզի Ախթալա և Ալավերդի, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում շրջակա միջավայրի հետազոտությունների և ազգաբնակչության հիվանդացության ուսումնասիրության ծրագիրը, որի շրջանակներում հաշվի կառնվի նաև «Արնիկա» չեխական կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների տվյալները, իսկ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները Առողջապահության նախարարությանը չեն տրամադրվել:

Հաշվի առնելով, որ առողջության վրա ազդեցությունը պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտմամբ՝ տարբեր աղբյուրներից (հանքարդյունաբերություն, պոչամբարներ, աղբի բաց այրում, թունավոր քիմիական նյութերի գերեզմանոց և այլն), ապա առողջության վրա վերջիններիս ազդեցությունը նվազեցնելու կամ կանխելու համար անհրաժեշտ է իրականացնել բացասական աղտոտման նվազեցմանն ուղղված շարունակական և մշտական բնապահպանական, քաղաքաշինական և այլ միջոցառումներ:

Վճռում ներկայացրած, որպես տուժող հանդիսացող ընտանիքի անվճար բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանվում է պատճառված վնասը հատուցելու պարտականությունը: Ներկայումս, քանի դեռ վարչական իրավախախտում կատարած և մեղավոր ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշում չկա և պարզ չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունների կատարողը, հաշվի առնելով Վճռում ներկայացրած` որպես տուժող հանդիսացող ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող պարբերությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի» ցանկում ընդգրկված անձինք օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ անցնելու արտոնություններից: Ըստ գրությամբ ներկայացված տեղեկատվության տուժող հանդիսացող ընտանիքն ընդգրկված է ընտանեկան նպաստի համակարգում և եթե անապահովության միավորը 30.01 և ավելի բարձր է, ապա ընտանիքի անդամները` բժշկական ցուցման դեպքում, օգտվում են սահմանված արտոնություններից: 

Սահմանված արտոնություններից օգտվում է նաև տուժող հանդիսացող ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձը: 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշումը` ՀՀ բնակչությունը անկախ սոցիալական կարգավիճակից պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում (ներառյալ` բժշկական ցուցման դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական ծառայությունները, ինչպես նաև տարեկան մեկ անգամ կանխարգելիչ քննություն) այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում, որտեղ քաղաքացին սահմանված կարգով հաշվառվել է: 

Ուստի, ներկայումս, քանի դեռ չկա դատարանի որոշում, «տուժող համարվող ընտանիքի անդամները», բժշկական օգնություն և սպասարկում ստանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է իրականացնել օրենսդրական փոփոխություններ՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում ընկերությունների մասնակցության չափի սահմանման նպատակով: 

Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերի 19-ին 02/29.1ԱԱ/24015 գրությամբ դիմել է ընկերություններին՝ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում ընկերությունների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու  համար:

Համապատասխան օրենսդրական փոփոխություններ իրականացնելուց հետո  նախարարության կողմից քայլեր կձեռնարկվեն ընդերքօգտագործման տրամադրված բոլոր պայմանագրերը վերանայելու համար, այդ թվում նաև «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի պայմանագիրը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդերքօգտագործողներին կարող է տալ գրավոր զգուշացում՝  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման վերաբերյալ հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն տրամադրելու դեպքում, իսկ պարտադիր վճարների չվճարման մասին՝ շրջակա միջավայրի նախարարության և պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա վերոնշյալ գերատեսչություններից ստացված տեղեկատվության համաձայն` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ներկայումս չունի ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված չկատարված պարտավորություններ և չվճարված պարտադիր վճարներ: 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգում իրականացնող պետական մարմինները ստուգումներ իրականացնում են միայն ՀՀ օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N659-Լ որոշմամբ, ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահված չեն: 

Արտակարգ իրավիճակների նախարարության  «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018 թվականի նոյեմբերի 23-ին տրված թիվ 2309.4 փորձագիտական եզրակացությունը ճիշտ է և օբյեկտիվ, ենթակա է անվավեր ճանաչման միայն դատական կարգով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի վերահսկողական գործառույթներ, սակայն պատրաստակամ է իրականացնելու ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ շահագործողի կողմից դիմելու և պայմանագիր կնքելու պայմաններում:

  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Վճռով տրված հանձնարարականի փաստերի վերաբերյալ կարծիք տալ չի կարող՝ առանց համապատասխան ստուգում իրականացնելու։

    Միաժամանակ, «Ախթալայի ԼՀԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդգրկված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ցանկում։ 

  «Բնապահպանական հանրային դատարան»-ի կողմից 2020 թվականի փետրվարի 26-ին կայացված ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա բնապահպանական հանրային գործի վերաբերյալ» ԲՀԴ /02/20 վճռի արդյունքում.

«1. Ախթալայի հանքավայրի «Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ առողջապահության նախարարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես նաև «ՀՀ Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին:

3.Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և «ՀՀ Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են Հայաստանի և տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը ու առողջության վնասմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի խախտմանը:»:

Այնուհետև, Վճռի 4-րդ և 7-րդ կետերով վճռվել է. 

- պահանջել ՀՀ կառավարությունից և ՀՀ դատախազությունից որոշակի գործողությունների կատարում, 

- հանձնարարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին կատարել որոշակի գործողություններ,

- պարտավորեցնել «ՀՀ Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին կատարել որոշակի գործողություններ:

Վարչապետին ներկայացված գրությամբ տեղեկացվել է Վճռի կայացման մասին` խնդրելով դրան համապատասխան ընթացք տալ:

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ արդարադատությունը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված գործունեության հատուկ տեսակ, իրականացնում են միայն դատարանները՝ որպես դատական իշանության կրող, հատուկ կարգավիճակ ունեցող մասնագիտացված մարմիններ:

Ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված են Հայաստանի Հանրապետությունում գործող դատարանները:

Մասնավորապես, Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն. 

«1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև մասնագիտացված դատարանները: 

2.Առաջին ատյանի դատարաններն են՝

1) ընդհանուր իրավասության դատարանները.

2) մասնագիտացված դատարանները:

3. Մասնագիտացված դատարաններն են՝

1) վարչական դատարանը.

2) սնանկության դատարանը:

4. Վերաքննիչ դատարաններն են՝

1) վերաքննիչ քրեական դատարանը.

2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.

3) վերաքննիչ վարչական դատարանը:»:

Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն.

«1.Եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից:

2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:

Հարկ է նշել, որ վերոնշյալ հոդվածով ամրագրված՝ դատական ակտի՝ դրա հասցեատերերի համար պարտադիր լինելը, ինչպես նաև դրա չկատարման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության վրա հասնելը վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում օրենքի հիման վրա ստեղծված և գործող դատարանների կողմից կայացված դատական ակտերին, այդ թվում՝ վճիռներին:

Հետևաբար, այն պայմաններում, երբ օրենսդիրն արդարադատության իրականացումը վերապահել է Հայաստանի Հանրապետությունում միայն օրենքի հիման վրա ստեղծված դատարաններին, որոնց ցանկը սպառիչ սահմանված է Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և Օրենսգրքի 2-րդ հոդվածով, իսկ «Բնապահպանական հանրային դատարան»-ը չի հանդիսանում այդպիսի դատարան, Վճիռը դրա հասցեատերերի համար որևէ իրավական հետևանքներ չի կարող առաջացնել»:

13:22 Մայիս 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news