

ԷկոԼուր
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Ռուբեն Խաչատրյանն ընդունել է առաջարկը, նույն աղբյուրի միջոցով տեղեկացրել է Երևանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նշենք, որ վերջին երկու օրերին թափառող շների՝ Կենդանաբանական այգի մտնելու արդյունքում անկել է երեք մուֆլոն և երեք կարմրավիզ կենգուրու:
Դեպքերի առնչությամբ Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ թափառող շների այգու տարածք մտնելը հետևանք է Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ և այլն) անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից: «Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով:
….Դիմում ենք պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:
Հավելենք, որ շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբեր 01, 2019 at 21:08
