

ԷկոԼուր
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Ֆեյսբուքյան իր էջում Մարությանը տեսանյութ է տարածել, որում հայտնում է.
«Արդեն երրորդ շաբաթն է, որ այցելում եմ այստեղ ամեն կիրակի, և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են: Այս պահին արդեն բավականին մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի չէր ունենում: Մեքենաները գալիս էին, բարձրանում աղբի վրայով, միանգամից վնասվում էին: Այդ մեքենաների պակասի հետևանքով քաղաքում տեղի էր ունենում վատ աղբահանություն: Այս պահին այդ հարթակը սարքում են, որպեսզի մեքենաները չվնասվեն: Տարիներ ի վեր աչքաթող է արված եղել այս ոլորտը և ընդհանրապես այս աղբավայրը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ գալու եմ և ստուգեմ, տեսնեմ, թե աշխատանքները ինչպես են կատարվում: Բացի այդ, հանձնարարություն եմ տվել, որ բացի ամեն շաբաթյա ստուգումից լինեն նաև պարբերաբար ստուգումներ, որպեսզի աշխատանքները կատարվեն պատշաճ, որակով և հիմնովին», - ասել է Երևանի նոր քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները այս տարվա օգոստոսին բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ պահանջելով լուծել աղբավայրի գարշահոտության և ծխի խնդիրը: Նրանք նշում էին, որ աղբն արդեն հասել է մայրուղուն:
Հոկտեմբեր 15, 2018 at 18:01
