ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԻ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋ ԵԿՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Արմենպրես

Հայաստանի կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել օպերատիվ կերպով լուծումներ գտնել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջ եկող խնդիրներին: Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին` նշեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Հ. Մադաթյանի խոսքով, ինքը դեմ չէ, որպեսզի Սեւանա լիճը ծով դառնա, բայց, միաժամանակ, անհրաժեշտ է լուծել հարակից տարածքների վարձակալության, համապատասխան վկայականների տրամադրման հարցը, որն առնչվում է մոտ 350 ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է, ինչ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովն զբաղվում է լճի հիմնախնդիրներով եւ մակարդակի բարձրացման հետ կապված հարցերով: «Վերջին մեկ տարվա ընթացքում զարգացումները ցույց տվեցին, որ լճի մակարդակը բարձրանում է մեր ակնկալած տեմպերից ավելի արագ, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում»,- ասաց նա` ավելացնելով, որ «բնության հետ պայմանավորվելը դժվար գործ է»:

Գործադիրն իր առջեւ խնդիր է դրել օպերատիվ կերպով լուծումներ գտնել լճի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջ եկող խնդիրներին: «Կառավարությունն արդեն քննարկել է, լուծումներ գտել եւ ըստ տարիների պլանավորել է գազի, ոռոգման ջրի պոմպակայանների, ճանապարհաշինության, էլեկտրասնուցման գծերի հետ կապված խնդիրները: Իսկ ափամերձ տարածքների վարձակալության իրավունքների ձեւակերպման գործընթացն արդեն մեկնարկել է: Սեւանի հետ կապված ամբողջական փաթեթը կներկայացվի Գեղարքունիքի մարզում անցկացվելիք կառավարության արտագնա նիստի ժամանակ»,- ասաց փոխվարչապետը:

Հունիս 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր