ԱրմԻնֆո
Մասնագետների գնահատականով` մինչեւ 2029թ. Սեւանա լճի մակարդակը ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչեւ 1905մ: Այդ մասին Գեղարքունիքի մարզում` ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ, ասաց Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը: (Խմբ. Ներկայումս Սեւանա լճի մակարդակը 1901մ է եւ անընդհատ բարձրանում է):
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրանք հաշվարկված թվեր են, եւ կանխատեսումը կարող է փոխվել: «Կանխատեսումները պարբերաբար կճշտվեն, բայց ավելի լավ է դրանք ունենալ եւ որպես հիմք ընդունել, քան ընդհանրապես չունենալ»,- ասաց վարչապետը: Նա հավելեց, որ կանխատեսումները կարեւոր են նաեւ մասնավոր սեկտորի համար, այլ ոչ միայն կառավարության: Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հայտնեց ներկաներին, որ լճի ջրի մակարդակի բարձրացումից շուրջ 1700 տարբեր շինություններ ջրի տակ են մնացել եւ միայն 481 շինություն կարող է համարվել օրինական շինություն, քանի որ նրանք անշարժ գույքի կադաստրում պետական գրանցում ունեն: Սեպտեմբերին` քարտեզագրման աշխատանքներից եւ իրավական հարցերի ճշգրտումից հետո միայն հնարավոր կլինի բարձրացնել պետական փոխհատուցման հարցը, ասաց նա:
Ջրի տակ է մնացել նաեւ 868 հա անտառ:
Հունիս 25, 2010
