ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

Արմենպրես

Գեղարքունիքի մարզպետարանում հուլիսի 9-ին խորհրդակցություն անցկացրեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, մարզպետի տեղակալներ Արտուշ Ղուկասյանը եւ Գագիկ Ստեփանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Վահագն Բազիկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների եւ մարզի բոլոր համայնքների ղեկավարները:
 
Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի, իսկ դրա համար կառավարությունն ունի համապատասխան միջոցներ` լճի մակարդակի բարձրացումը կկատարվի Արփա-Սեւան եւ Որոտան թունելային ջրատարների օգնությամբ: Գործում են նաեւ Ապարանի եւ Ազատի ջրամբարներն ու մի շարք պոմպակայաններ, որոնք հնարավորություն կտան Սեւանա լճից ոռոգման ջուր քիչ վերցնել: Նախատեսված է, որ մինչեւ 2029 թվականը լճի մակարդակը պետք է հասնի 1903.5 մետր նիշի, որից այն կողմ հնարավոր չէ ապահովել լճի բարձրացումը, քանի որ Արփա-Սեւան ջրատարի ելքային մասը գտնվում է 1903.5 մետր նիշի վրա, այդ նիշից վերեւ գտնվելու դեպքում լճի ջրերը կարող են հոսել դեպի Կեչուտի ջրամբար: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը կարեւորեց հատկապես բարձրացող ջրի մաքրության պահպանման խնդիրը:

Ըստ Վ.Մովսիսյանի` այժմ մարզի քաղաքային համայնքներում ընթացող կոյուղագծերի կառուցման եւ մաքրման կայանների հիմնման ծրագրերը պետք է լինեն շարունակական, որպեսզի Սեւանա լիճ հոսեն բացառապես մաքրված եւ զտված ջրեր: Ուստի պետք է կոյուղացվեն Սեւանի ափամերձ բոլոր բնակավայրերը, դրանք կարվեն կամ պետական միջոցներով կամ զարգացման այլ ծրագրերով կամ սփյուռքահայ բարերարների օգնությամբ: Եթե այստեղ նկատվում է որոշակի տեղաշարժ, ապա նույնը չի կարելի ասել Սեւանի ափամերձ եւ ջրածածկման ենթակա անտառները ծառերից եւ թփերից մաքրելու մասին: Այսօրվա դրությամբ 867 հա անտառային տարածքներ արդեն ջրածածկ են եղել եւ դրանց մաքրումը ծառերից ու թփերից լուրջ հիմնախնդիր է: Ու որպեսզի այդ 867 հա-ին չավելանան նոր անտառածածկ տարածքներ` վտանգելով լճի մաքրությունը, հարկավոր է այս պահից սկսած գտնել օպտիմալ լուծումներ:

Վլադիմիր Մովսիսյանն առաջարկեց համայնքների ղեկավարներին` պայմանագրեր կնքել Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի եւ «Սեւան» ազգային պարկի հետ` բնակչության ուժերով անտառային տարածքները մաքրելու համար: Այդ աշխատանքների դիմաց մարդիկ կարող են որպես աշխատավարձ օգտագործել շինափայտը կամ վառելափայտը: Եթե համայնքները պատրաստակամ չլինեն այդ աշխատանքներին մասկնակցելու, ապա հանձնաժողովը պետք է գտնի մասնավոր այլ անձանց` այդ աշխատանքներն իրականացնելու համար: Վլադիմիր Մովսիսյանը հավելեց, որ խնդիր են առաջացրել նաեւ ապօրինի կառույցները, որոնց մեծ մասն արդեն հայտնվել են ջրի մեջ:
 
Դեռ լավ է, որ դրանց 70 տոկոսը շարժական են եւ տեղափոխման ենթակա: Հանձնաժողովը մանրամասնորեն ուսումնասիրում է Սեւանի ափամերձ հատվածների շինությունները: Փոխհատուցում կստանան միայն ջրածածկման ենթակա այն օբյեկտները, որոնց փաստաթղթերն օրինական են, իսկ ապօրինի մյուս շինությունների դիմաց փոխհատուցում չի տրվի, ու դրանք, ինչպես նաեւ օրինական, բայց ջրածածկման ենթակա շինությունները պետք է քանդվեն եւ տեղափոխվեն: Վլադիմիր Մովսիսյանը նաեւ կոչ արեց շրջապատը մաքուր պահել կենցաղային աղբից, ինչի համար հարկավոր է ժամանակին կազմակերպել աղբահեռացումը եւ աղբավայրերի ճիշտ շահագործումը:

Նա հայտարարեց նաեւ, որ 2010 թվականի օգոստոսից սկսվելու են Արփա-Սեւան թունելային ջրատարի վերանորոգման աշխատանքները, ինչը նշանակում է, որ մեկ տարի Որոտանով եւ Արփայով Սեւանա լիճ ջուր չի հոսելու կամ Սեւանա լճի մակարդակի բարձրացում մեկ տարվա մեջ քիչ տեղի կունենա: Նա հավաստիացրեց, որ ինքը հաճախակի կայցելի համայնքներ, կծանոթանա հիմնախնդիրներին, կհամագործակցի մարզպետարանի ու գյուղապետարանների, «Սեւան» ազգային պարկի հետ ու բոլոր առաջարկությունները կներակայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Վլադիմիր Մովսիսյանը, պատասխանելով խորհրդակցության մասնակիցների հարցերին, նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում կգտնվի նաեւ անտառվերականգնումը, քանի որ եթե լճի բարձրացման արդյունքնում արմատախիլ է արվել 2779 հա անտառ, ապա հարկավոր է ստեղծել մի քանի անգամ ավելի հեկտարների անտառաշերտ:

Հուլիս 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր