

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզել է, թե որտեղից են Չքնաղ գետ հոսել աղտոտված ջրերը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանը ահազանգ հնչեցրեց այն մասին, որ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքից դուրս եկող ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժը լցվել են Ձորագետ՝ դարչնագույն երանգ հաղորդելով գետին։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, և դրանք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ:
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թ. հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։
Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի ընկերությունը չունի պոչամբար։
Տեղազննությունից պարզվել է նաև, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։
Կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Ստեփանավանի համայնքապետարանի
Հուլիս 09, 2020 at 17:55