ՏԿԵ նախարարությունը դադարեցրեց 5 մետաղական հանքարդյունաբերական ընկերության ընդերքօգտագործման իրավունքները

ՏԿԵ նախարարությունը դադարեցրեց 5 մետաղական հանքարդյունաբերական ընկերության ընդերքօգտագործման իրավունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով դադարեցվել են ՀՀ մի շարք մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություններ ունեցող ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները։ Դրանք են՝

1. 29.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանով՝ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ–ի ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

2. 07.08.2020թ. թիվ 1074-Ա հրամանով՝ «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկի հանքավայրի Լուսաջուրի տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը

3. 07.08.2020թ. թիվ 1075-Ա հրամանով՝«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերօգտագործման իրավունքը

4. 29.07.2020թ. թիվ 1078-Ա հրամանով «Մարջան մայնինգ քոմփանի» ՍՊԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի (կենտրոնական տեղամաս և թևեր) ընդերքօգտագործման իրավունքը։

5. 07.02.2020թ թիվ 149-Ա հրամանով «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը։

Հրամանների համար հիմք են հանդիսացել հետևյալ հանգամանքները՝

Շահագործման թույլտվություն ստանալուց ի վեր ընկերություններն արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացրել /չեն ապահովվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին 6-րդ մաս /:

Չեն ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը։

Չեն ապահովել ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարումը։

Նույն հրամաններով ուժը կորցրած են ճանաչվել վերոնշյալ ընկերությունների օգտակար հանածոների արդյունահանման թույլտվությունները, լեռնահատկացման ակտերը և լուծվել են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերը:

Հրամաններն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից, և դրանք կարող են բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Հրամաններից առաջ ՀՀ ՏԿԵ նախարարությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված պահանջների, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրերի պայմանների խախտումները 90-օրյա ժամկետում վերացնելու համար ընկերություններին տվել էր գրավոր զգուշացումներ: Ընկերությունները սահմանված ժամկետներում չէին վերացրել խախտումները: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ ՏԿԵ նախարարի համապատասխան հրամաններով հարուցվել էին ընկերությունների կողմից թույլ տրված խախտումների հիմքով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ վարչական վարույթներ։

Նախարարությունն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ վարչական վարույթ է սկսել նաև «Ֆորչն ռիսորսիս» ՍՊԸ–ի /ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայր/ նկատմամբ, որը, 14.02.2012թ. ունենալով ՇԱԹՎ-29/169 ընդերքշահագործման թույլտվություն, առ այսօր արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել։

Նշենք, որ ՏԿԵ նախարարի՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքի կենտրոնական տեղամասի 28.12.12թ. ՇԱԹՎ -29/184 իրավունքի դադարեցման մասին 13.12.2019թ 693-Ա և «Վայք գօլդ» ՍՊԸ-ի Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասի 24.12.2014թ. ՇԱԹ-29/514 ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման մասին 19.12.2019թ թիվ 711-Ա հրամաններն ընկերությունները բողոքարկել են։

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Օգոստոս 19, 2020 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր