Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի հրապարակմանը նվիրված առցանց համաժողովը

Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի հրապարակմանը նվիրված առցանց համաժողովը

2020թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների,  քաղաքացիական հասարակության, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովը։ 

ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը նպատակ ունի ոլորտին առնչվող համապարփակ տեղեկատվությունը զետեղել մեկ վայրում՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով կիրառել դրանք վերլուծությունների իրականացման,  հիմնախնդիրների շուրջ փաստարկված քննարկումների ծավալման, ինչպես նաև ոլորտում բարեփոխումների նախաձեռնման համար։

Համաժողովին ողջույնի ">ուղերձ հղեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի նախագահ Տիգրան Ավինյանը՝ նշելով որ․ «Հայաստանի կառավարությունը գտնում է, որ  EITI-ի պահանջների կիրարկումը մեր երկրում խթանում է պետական կառավարման թափանցիկությունը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: Հետևաբար, միանշանակ է, որ Հայաստանի  կառավարությունը և Բազմաշահառու խումբը շարունակելու են իրենց ջանքերը՝ պահպանելու համար EITI-ի այս բարձր  արդյունքները և զարգացնելու դրանք՝ ներդնելով տեղեկատվության կանոնավոր բացահայտումների կայուն մեխանիզմներ և ընդլայնելով նախաձեռնության ազդեցության շրջանակները։»։

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տնօրեն Մարկ Ռոբինսոնը շնորհավորեց Հայաստանին ԱՃԹՆ-ի 2-րդ զեկույցի հրապարակման, ինչպես նաև Հայաստանի առաջին վավերացման գերազանց արդյունքերի համար, մանավանդ՝ հաշվի առնելով ԱՃԹՆ-ում Հայաստանի նորեկ լինելը։ Իսկ Հայաստանի հաջողությունները իրական սեփականատերերի բացահայտման ոլորտում Մարկ Ռոբինսոնը որակեց որպես ֆանտաստիկ՝ ընդգծելով, որ այս ոլորտում Հայաստանը կարող է առաջնորդ դառնալ այլ երկրների համար։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսուտրոն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի ԱՃԹՆ-ի գերազանց արդյունքների իրականացումը հանդիսանում է լավ ազդանշան թափանցիկության, հաշվետվողականության ու լավ կառավարման սկզբունքների՝ ՀՀ կառավարության կիրառած ջանքերը գնահատելու համար։

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը վստահեցրեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է աջակցել ոլորտի հանրային մասնակցության ընդլայնմանը, շահառուների կարողությունների մեծացմանը և բարեփոխումների իրականացմանը։

Առցանց համաժողովի առաջին մասում Անկախ ադմինիստրատորը՝ EY աուդիտորական ընկերությունը, համառոտ ներկայացրեց ԱՃԹՆ-ի 2019թ. ստանդարտի պահանջներին համապատասխան մշակված Հայաստանի ԱՃԹՆ-ի զեկույցը, Հայաստանի մետաղական հանքարդյունահանման ոլորտի նկարագիրը, զեկույցի արդյունքները և առաջարկությունները։

Պետական մարմինների և հանքարդյունահանող ընկերությունների կողմից ներկայացվել են հրապարակային հաշվետվություններ, որոնց հիման վրա ԱՃԹՆ-ի ազգային զեկույցում ներկայացված է համապարփակ տեղեկություն մետաղական հանքարդյունահանող ընկերությունների  կատարած վճարումների, օգտակար հանածոների արդյունահանման, արտադրության, ներքին իրացման և արտահանման, մետաղական հանքարդյունաբերության ոլորտից պետության ստացած եկամուտների և դրանց բաշխման վերաբերյալ։

Զեկույցում մանրամասն նկարագրված է հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգը, հանքարդյունահանման թույլտվությունների տրամադրման և պայմանագրերի կնքման ընթացակարգերը, իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրականացված աշխատանքները, ինչպես նաև ներկայացված են հանքարդյունաբերության ոլորտի սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունը, հանքարդյունահանող ընկերությունների և պետական մարմինների տրամադրած տվյալների համադրման գործընթացը, առաջարկություններ ԱՃԹՆ-ի հաշվետվողականության գործընթացի բարեփոխման վերաբերյալ, ԱՃԹՆ-ի զեկույցի շրջանակներում արձանագրված բացահայտումներն ու զեկույցի կազմման դրությամբ ոլորտում իրականացված իրավական կարգավորումները։ 

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսիա Տոլոչկոյի կողմից ներկայացվեցին Հայաստանի ԱՃԹՆ-ի վավերացման գնահատականը և ԱՃԹՆ-ի առաջիկա առաջնահերթությունները, համակարգված բացահայտումները։

Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը ներկայացրեց, թե քաղաքացիները ինչ տեղեկատվություն կարող են գտնել ԱՃԹՆ-ի հայաստանյան և պետական մարմինների պաշտոնական կայքերում, մասնավորապես, ԱՃԹՆ-ի ստանդարտով տվյալները, ԱՃԹՆ-ի ֆինանսական հաշվետվությունները, ընդերքօգտագործողների ռեգիստրը, բաց պայմանագրերը։ 

Համաժողովի ընթացքում Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և այլ բանախոսների մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի և հանքարդյունաբերության ոլորտի վերբերյալ քննարկում, որին մասնակցեցին Համաշխարհային Բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը, OpenOwnership իրական սեփականատերերի գլոբալ ռեգիստրի ներկայացուցիչներ Փիթեր Լոուն և Քեյդի Արմսթրոնգը, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի կառավարության խմբակցությունից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, քաղաքացիական հասարակության խմբակցությունից՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը։ Բանախոսները քննարկեցին COVID-19 համավարակով պայմանավորված՝ հանքադյունաբերության ոլորտում արձանագրված խնդիրները, ԱՃԹՆ-ի իրականացման ազդեցությունը ոլորտի մասնակցային կառավարման մշակույթի ներդրման ու ամրապնդման հարցում, ընթացիկ բարեփոխումները և առկա խնդիրներն ու ակնկալիքները։ Խոսվեց նաև իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման աշխատանքերի, միջազգային գործընկերների առաջարկությունների, առաջավոր փորձի տեղայնացման գործում Հայաստանի գրանցած արդյունքերի մասին։

ԱՃԹՆ-ի երկրորդ ազգային զեկույցի պատրաստումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, իսկ առցանց համաժողովի կազմակերպմանն օժանդակել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ 

www.eiti.am

Սեպտեմբեր 15, 2020 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր