«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում հետաքննություն անցկացնել ՝ պարզելու Լեռնային Ղարաբաղում լրագրողների վրա կրակոցների աղբյուրը

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում հետաքննություն անցկացնել ՝ պարզելու Լեռնային Ղարաբաղում լրագրողների վրա կրակոցների աղբյուրը

«Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել երեկ Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին ռմբակոծելու փաստի առիթով:

«Հրետակոծության արդյունքում վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող չորս լրագրողներ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում լույս սփռել կրակոցների ծագման վրա և հնարավոր ամեն ինչ անել վիրավորների տարհանումը ապահովելու համար:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված դաժան բախումների հինգերորդ օրը Մարտունի քաղաքում ռմբակոծության տակ են ընկել մի խումբ լրագրողներ: Նրանցից չորսը տուժել են: «Le Monde» օրաթերթի լրագրողն ու նրան ուղեկցող ֆրանսիացի լուսանկարիչը հոսպիտալացվել էին շտապ բուժօգնություն ստանալու համար: Վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և «24news.am» հայկական լրատվական գործակալության թղթակից Սևակ Վարդումյանը:

Մի քանի այլ լրագրողներ, ներառյալ Ռուսաստանի անկախ «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալն և «Ֆրանս Պրեսս» գործակալության թիմը հրաշքով խուսափել են գնդակոծությունից: Բոլոր լրագրողները և նրանց մեքենաները կրում էին «Մամուլ» տարբերանշանը: Լրագրողներն ուղեկցում էին տեղական իշխանություններին ՝ բնակչությունից հարցազրույց վերցնելու և  նախորդ ռմբակոծությունների պատճառած վնասները դիտարկելու համար:

«Այս ռմբակոծությունն անհիմն է, որովհետև քաղաքացիական անձինք և, մասնավորապես՝ լրագրողները, ռազմական թիրախ չեն», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Քավելիեն,- «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն սկսել ՝ կրակոցների աղբյուրը պարզելու համար և անել ամեն ինչ, որպեսզի թույլ տրվի վիրավոր լրագրողներին անվտանգ տարհանել»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ վիրավոր ֆրանսիացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով բժշկական ինքնաթիռ է ուղարկվել»,- նշված է հայտարարության մեջ:

Հոկտեմբեր 02, 2020 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր