Հայ-ադրբեջանական պատերազմ՝ օր 7-րդ, հնարավոր է բնապահպանական աղետ

Հայ-ադրբեջանական պատերազմ՝ օր 7-րդ, հնարավոր է բնապահպանական աղետ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան
...
Չափազանց կարևոր։ 
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։ 
...
Գիշերվա ընթացքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին: 
Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

...
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է առաջնագիծ՝ կոչ անելով բոլորին՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: 

Արցախի նախագահի խոսքը.

«Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, 
Զինակից ընկերնե՛ր, 
Նվիրյալ կամավորնե՛ր, 
Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: 
Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: 
Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով 
ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը: 
Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում: 
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: 
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ 
Ես հավատում եմ ձեր ոգու արիությանը և բազկի ուժին: 
Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, 2020 թվականի Հուլիսյան մարտերում իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի մեր մայրերի, քույրերի, զավակների յուրաքանչյուր առավոտ խաղաղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրաքանչյուր ժպիտ արժանապատվությամբ ու հպարտությամբ լցվի: 
Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջև, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ և յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու և արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով: 
Մենք բազում հաղթանակներ ենք տարել և ստեղծել ենք կազմակերպված ու մարտունակ, տարածաշրջանում հզոր ու հաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է: 
Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով: 
Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտահոգություններն ու համոզմունքները, որ դուք էլ եք դավանում այն համազգային ու համամարդկային արժեքները, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով։ 
Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք: 
Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ: 
Ի զե՛ն: 
Պատիվ ունեմ»։

....
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։

Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։

Լուսանկարը վերցված է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պաշտոնական էջից:

Հոկտեմբեր 03, 2020 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր