Հայ մտավորականության կոչը միջազգային հանրությանը՝ աջակցեք Արցախի անկախության ճանաչման գործում

Հայ մտավորականության կոչը միջազգային հանրությանը՝ աջակցեք  Արցախի անկախության ճանաչման գործում

«Արցախը խաղաղության համար» նախաձեռնությունը, որին միացել են 80-ից ավելի հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, մշակույթի և արվեստի գործիչներ, գիտնականներ, բժիշկներ, հասարակական գործիչներ կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել Արցախի անկախության ճանաչմանը: ԷկոԼուրը ևս միացել է այս նամակին:

Բաց նամակում նշված է. «Մեր խաղաղությունը ձեր խաղաղությունն է:

Սա միջազգային հանրությանն ուղղված այն անհատների, կազմակերպությունների, ՀԿ-ների կոչն է, որոնք տարիներ շարունակ իրենց վրա պարտավորություն են վերցրել պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խաղաղությունը, օրենքի գերակայությունը, երեխաների իրավունքները, շրջակա միջավայրի պահպանությունը և մշակութային ժառանգությունը։ 

Մենք ցանկանում ենք բարձրացնել տեղեկացվածությունը  Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի դեմ, անմեղ քաղաքացիական անձանց դեմ սանձազերծված պատերազմի մասին, որոնք ներկայումս ենթարկվում են էթնիկ զտման իրենց բազմադարյա տանը:

Միացեք մեզ՝ կանխելու համար Եվրոպայում հերթական ցեղասպանությունը: 

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հրթիռային հարվածներ հասցրեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով։ Այս հարվածների նշանակետը ոչ միայն ռազմական օբյեկտներն են, այլև Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերը, ներառյալ դպրոցները, եկեղեցիները, բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները, հիվանդանոցներն ու ծննդատունը:

Այս լայնամասշտաբ պատերազմում ադրբեջանական բանակի հետ մարտեր են մղում սիրիացի վարձկաններն ու ահաբեկիչները, ինչպես նաև թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները։ Պատերազմի ամենասկզբից Ադրբեջանն անընդհատ խախտում է Ժնևի և Հաագայի միջազգային մարդասիրական կոնվենցիաները՝ ցուցադրելով անմարդկային վերաբերմունք հայ գերիների նկատմամբ, կիրառելով արգելված զենք հիվանդանոցները, դպրոցները, եկեղեցիները և քաղաքացիական անձանց, ներառյալ՝ տեղական և օտարերկրյա լրագրողներին ռմբակոծելու համար, ինչպես նաև օգտագործելով քիմիական ֆոսֆորային զենք հսկայական անտառային տարածքներ այրելու համար:

Ադրբեջանը և Հայաստանը երեք անգամ ՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին, համաձայնության եկան մարդասիրական հրադադար հաստատելու մասին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Երեք

անգամ էլ Ադրբեջանը հաշված րոպեների ընթացքում խախտեց հրադադարի պայմանավորվածությունը և շարունակեց ռազմական ագրեսիան: Մեզ համար անընդունելի է ներքաշվել ուժասպառ անող և անմարդկային պատերազմում, երբ ամբողջ աշխարհն արդեն իսկ տառապում է կորոնավիրուսից և դրա մահացու հետևանքներից։ 

Մենք հավատում ենք, որ փոքր քայլերը բերում են մեծ փոփոխությունների:

Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին և կազմակերպություններին աջակցել մեզ և հորդորել իրենց կառավարություններին վճռական քայլեր ձեռնարկել՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ 

Դարեր շարունակ Արցախը բնակեցված է եղել էթնիկ հայերով: Վերջին 30 տարիների ընթացքում Արցախը եղել է արագ զարգացող տնտեսություն ունեցող անկախ ժողովրդավարական պետություն։  Մենք խնդրում ենք ձեզ աջակցել Արցախի ճանաչմանը՝ այնտեղ ապրող հայերին փրկելու համար, և դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող և տարածքային ու աշխարհաքաղաքական շահերի վրա հիմնված էթնիկական զտումները:

Մենք շատ շնորհակալ կլինենք, եթե դուք միանաք մեզ, տարածելով

ճշտված և վստահելի տեղեկատվություն, ինչպես նաև նվիրատվություններ կկատարեք, որոնք կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով ՝ աջակցելու համար նրանց, ովքեր շարունակական պատերազմի արդյունքում կորցրել են իրենց տներն ու հարազատներին:

Օգնեք մեզ փոխհատուցել և կանխել հետագա կորուստները՝ կատարելով նվիրատվություն Himnadram.org համահայկական հիմնադրամին:

Մենք խնդրում ենք ձեզ կիսվել մեզ հետ ձեր գործողությունների մասին՝ սքրինշոթերի, նամակների ու սոցիալական ցանցերում գրառումների միջոցով: Օգտագործե՛ք այս հեշթեգերը, որպեսզի կարողանանք հետևել ձեր գործարքներին և տեղադրենք հաղորդագրություններ։

#ArtsakhForPeace, #WeWantPeace, #CallFromArmenia.

Հիմա Հայաստանն ու Արցախը ձեր աջակցության կարիքն ունեն: Եթե ցանկանում եք մեզ աջակցել ավելին, քան պարզապես նվիրատվությունն է, ապա կարող եք ուղարկել բժշկական և նյութական օգնություն: Խնդրում ենք կապվել մեզ հետ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով [email protected] էլեկտրոնային հասցեով»:

Ստորագրողների ցուցակն՝ այստեղ:

Նոյեմբեր 06, 2020 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր