Սոթքի ոսկու հանքում ադրբեջանցի զինվորականներ կա՞ն․ ՊՆ-ն հերքում է

Սոթքի ոսկու հանքում ադրբեջանցի զինվորականներ կա՞ն․ ՊՆ-ն հերքում է

Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Գեղարունիքի մարզի տարածքում գտնվող Սոթքի ոսկու հանք են ներթափանցել ադրբեջանցի զինվորականներ։ Գրառմանը հաջորդեց տարբեր հարթակներում տեսանյութերի հրապարակումը, ըստ որոնց՝ ադրբեջանցի զինվորականները վիճաբանում են հանքի աշխատակցիների հետ և պահանջում լքել հանքավայրի տարածքը։

Այս հրապարակումներին հետևեց ՀՀ պաշտպանության նախարարության հերքումը, որում մասնավորապես նշված է․

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը»։

Իր հերթին ադրբեջանցիների ՀՀ սահմանն անցնելու մասին խոսել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ 168.am-ի հետ զրույցում հաստատելով, որ ադրբեջանական զինուժը Սոթքի հանքի տարածքում է:

Խնդրին քիչ թե շատ հստակ արձագանք է տվել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։ Վերջինս «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, թե ներկա պահին  Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում․ «Նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Քանի որ Հայաստանն այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման չի ունեցել մինչև հիմա, այսինքն ՀՀ-ից հետո եղել է Արցախը, հիմա սահմանագծի ճշգրտման խնդիր է առաջացել: Այդ աշխատանքներն են իրականացվում»,- ասաց նա:



Նոյեմբեր 26, 2020 at 21:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր