

«Մենք պետք է ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին»,- ասել է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության ‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ այցի ժամանակ:
Ինչպես հայտնում է ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, քննարկվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքը: Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում է նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ Եթե նախկին կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։
Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝
- ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից
- հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին
- ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը
- օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին
- հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն։
Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։
ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։
Նախարարը խնդրեց գործընկերներին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել՝ օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խմբի հետ դրանք քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբում ներգրավվելու են տեղական և միջազգային փորձագետներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնապահպաններ։ Արդյունքում պետք է ստացվի համապարփակ պրոդուկտ, կարգավիճակ ունեցող ինստիտուտ, որի փորձագետի եզրակացությունը կդառնա պետության կողմից կնիք՝ բարձր հեղինակություն ունեցող և անբեկանելի։
Լուսանկարը՝ ՇՄ նախարարության
Հունվար 14, 2021 at 15:53
