

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում քաղաքացիների մուտքն անտառ թույլատրել բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու նպատակով: Իսկ փայտանյութի, չորուկի դուրս բերումն անտառից իրականացնելու է բացառապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: Այս մասին հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Իդեալական մոդելն այն է լինելու, որ մեր քաղաքացին անտառ մտնի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու համար: Փայտի ձեռքբերման, չորուկների դուրսբերման, այդ թվում նաև՝ պայմանագրային հիմունքներով շինափայտի և օրինական վառելափայտի արդյունաբերությունն իրականացնելու է բացառապես «Հայանտառը»: Նա էլ պատասխանատու է լինելու անտառվերականգնման, անտառտնկման և անտառի տնտեսվարման համար: Արդյունքում մենք կունենանք մի մոդել, երբ անտառի սեփական եկամուտների աճով պայմանավորված կարող ենք «Հայանտառի» և Անտառային կոմիտեի սեփական կարողություններն ավելացնել ու տեխնիկական վերազինում իրականացնել: Այդ կերպ նաև առաջնահերթ հնարավոր կլինի բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- ասաց նախարարը:
Այդ բարեփոխումների գործընթացը նախատեսված է իրականացնել 1-2 տարվա ընթացքում:
Հունվար 28, 2021 at 16:07