Արարատի դատախազությունը հայտնաբերել է 41 ինքնակամ ձկնաբուծական շինություն Արարատի մարզում

Արարատի դատախազությունը հայտնաբերել է  41 ինքնակամ ձկնաբուծական շինություն Արարատի մարզում

Արարատի մարզի 12 համայնքների տարածքում առկա գործող և չգործող 131 ձկնաբուծարաններից 41-ը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն ինքնակամ շինություններ են կամ ձկնաբուծարնների տարածքներում ունեն այդպիսիք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

2020թ. ընթացքում Արարատի մարզի դատախազությունը ուսումնասիրել է մարզի տարածքում հեռահաղորդակցության կայաններով  ծանրաբեռնված հողատարածքների վարձակալության, համայնքներում իրականացված ինքնակամ շինարարությունների և ձկնաբուծարանների գործունեության օրինականության ոլորտները: 

Ուսումանսիրության արդյուքնում խախտումներ են արձանագրվել Արարատի մարզի 4 համայնքների ներկա և նախկին ղեկավարների կողմից հողօգտագործման և հողերի պահպանման բնագավառներում։

Պարզվել է, որ Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի վրա կառուցվել է 5 հա ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծարան՝ կազմված լճակներից և այլ ինքնակամ շինություններից: Արարատի մարզի դատախազի կողմից Սիս համայնքի ղեկավարին տրված նախազգուշացումից հետո ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն: Իրականացվել է նշված կառույցների և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքի ուղղակի գնման գործընթաց, որի արդյուքնում համայնքի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 111 միլիոն դրամ։

Սիս համայնքի տարածքում գտնվող մեկ այլ՝ 25 հա գյուղատնտեսական նշանակությամբ արոտավայրի վրա ամբողջությամբ ինքնակամ կառուցված 2500 քմ մակերեսով քարաբետոնե ձկնաբուծարանն օրինականացնելու ուղղությամբ կազմվել են համապատասխան սխեմաներ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին՝ ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Օրինականացվելու դեպքում Սիս համայնքի բյուջե կարող է վճարվել ավելի քան 15 միլիոն դրամ գումար։

Բացի այդ, մարզի մի քանի համայնքների մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանների վերաբերյալ պաշտոնատար համապատասխան անձանց կողմից հողերի վերահսկողության և պահպանման ոլորտում առերևույթ լիազորությունների չարաշահման հանգամանքները լրիվ, օբյետիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքին իրավական գնահատական տալու նպատակով Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական հսկողության ներքո քննվում են մի քանի քրեական գործեր:

Փետրվար 17, 2021 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր