Խոսրովի արգելոցում զբոսաշրջության զարգացումը և հնարավոր ռիսկերը

Խոսրովի արգելոցում զբոսաշրջության զարգացումը և հնարավոր ռիսկերը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմ զարգացնել: Ըստ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանի՝ արդեն կա հաստատված կառավարման պլան: «Արգելոց զբոսաշրջիկների մուտքը տեղի է ունենալու համապատասխան էկոտուրիստական երթուղիներով։ Գոյություն ունի այդպիսի 5 էկոտուրիստական երթուղի։ Կան սահմանափակումներ, մասնավորապես, յուրաքանչյուր երթուղիով տասը անձից ավելի չի կարող միևնույն ժամանակահատվածում անցնել։ Բացի այդ, զբոսաշրջիկները պարտադիր կերպով պետք է ունենան մասնագիտացված ուղեկցող, որը տրամադրում է «Խոսրովի արգելոցը»։ Առանց ուղեկցողի հնարավոր չի լինի այդ երթուղիներով անցնել։ Բացի այդ, կան հստակ սահմանված ժամեր՝ երթուղներից պետք է ժամը 19։00-ին վերադարձած լինել»,- նշեց նա։ Ըստ Էդգար Առաքելյանի՝ վերահսկողությունն իրականացվելու է երկու մակարդակում: Մեկը ռենջերներն են իրականացնելու, մյուսը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ 

Հարցին՝ արդյոք ուսումնասիրվել է զբոսաշրջության ծրագրի ազդեցությունը արգելոցի կենդանական աշխարհի վրա, օրինակ, հաշվի առնվել են կովկասյան ընձայռուծի միգրացիոն ուղիները, Էդգար Առաքելյանն արձագանքեց․«Այս ամենը քննարկվել է նաև բնապանպական կազմակերպությունների հետ, խորհրդատվություն է եղել։ Նաև Կովկասի բնության հիմնադրամն է (CNF) տվել խորհրդատվություն։ Այնուհետ որոշումներ են կայացվել։ Ինձ թվում է, որ այդ էկոերթուղիներում հովազների հնարավոր անցումային կետերը հաշվարկված են։ Բնականաբար, չենք կարող 100% վստահ լինել»։

Թեպետ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ թույլատրվում է կազմակերպել գիտաճանաչողական զբոսաշրջություն, այդ թվում՝ էկոզբոսաշրջություն, այնուամենայնիվ, հասարակությունը մտահոգված է, որ «Խոսրովի արգելոց»-ում զբոսաշրջության զարգացման ծրագիրը կարող է չնախատեսված ճնշում ունենալ արգելոցի վրա: Տրամադրված թույլտվությունների ներքո կարող են իրականացվել արգելոցի էկոհամակարգի վրա անցանկալի գործողություններ: Նման օրինակներ մեր երկրում վաղուց կան: Վերջին օրինակը Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրն է, որի իրականացման արդյունքում 2020թ-ին լճից ավելի շատ ձուկ որսվեց, քան թույլատրված էր ծրագրով:

Խոսրովի արգելոցում զբոսաշրջության զարգացման հնարավոր ռիսկերից են՝

·   զբոսաշրջիկների թվի գերազանցումը

·   արգելոցային գոտու պահպանման ռեժիմի խախտումները զբոսաշրջիկների կողմից

·  զբոսաշրջիկների կողմից չնախատեսված գործողությունների վտանգ, որոնք կարող են հանգեցնել աղետի, օրինակ՝ հրդեհի բռնկման

·  անհետացման եզրին գտնվող տեսակների վնասում

·  տարածքի աղտոտում և այլ:

Խոսրովի արգելոցում զբոսաշրջության զարգացման դեպքում  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է խիստ վերահսկողություն իրականացնի, այդ թվում, շահագրգիռ հասարակության մասնակցությամբ:

Փետրվար 19, 2021 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր