Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է ՋԹ-ի նախագիծ

Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է ՋԹ-ի նախագիծ

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչությունը մշակում է ջրօգտագործման թույլտվության նախագիծ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն ակնկալում է արդյունաբերական նպատակով Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով ջրառի թույլտվություն ստանալ:

Փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին հնարավոր է ծանոթանալ աշխատանքային օրերին՝ ժամը 17-18-ը դիմելով Ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021թ. մարտի 10-ին ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տանը ( 5-րդ հարկ, 541 սենյակ):        

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2020թ. ստացել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրօգտագործման թույլտվություն: Ընկերություն նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ Ընկերությունը 2019 թ-ի հոկտեմբերին մերժում է ստացել երկարաժամկետ գործունեության համար նաև Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի ՋԹ ստանալու համար: «Լիդիան Արմենիան» վիճարկում է նախարարության այդ մերժումը ՀՀ վարչական դատարանում։ Այս գործի դատաքննությունը դեռ շարունակվում է: Դատական նիստի օր է նշանակված 2021թ-ի մարտի 31-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում էլ քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը:

Մարտ 04, 2021 at 17:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր