

Մարտի 15-ից 6 ամսով կարգելվի վառելափայտի, փայտանյութի և անտառանյութերի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններ: Արգելքը սահմանվեց ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ:
Արգելված ապրանքների ցանկում նշված են՝
Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով
Ասեղնատերև տեսակներից
Սաղարթավոր տեսակներից
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած
Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված, ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:
Նշենք, որ նման 6-ամսյա արգելք գործադիրը սահմանել է նաև 2020թ-ի փետրվարի 27-ին:
Ըստ որոշման հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։
Մարտ 11, 2021 at 17:06