‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելը և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելը Շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է: Նախարարության համաձայն՝ այդ խնդրին պետք է հանգուցալուծում տալ 2021 թվականի ընթացքում։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի մշակման ակտիվ աշխատանքներ է տանում։ Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է նախևառաջ նոր որակի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտի կայացում և գործընթացի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։

Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված։

Աշխատանքային քննարկումներն ուղեկցվում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ քննարկումներով։

Օրենքի փոփոխության նախագծի առանցքային կետերից են՝

ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից, հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին, հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը, հստակեցնել ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի և գործունեության տեսակների շրջանակը և այլն:

Առաջիկա 2-3 ամիսներին նոր օրենքի նախագիծը վերջնական պատրաստ կլինի՝ բոլոր ինստիտուցիոնալ լուծումներով։ Այն կներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերի քննարկմանը, և հանրային լայն քննարկումներից հետո սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։

Այս փոփոխությունների վերջնարդյունքում ունենալու ենք պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն, որն օժտված է լինելու լայն լիազորություններով, լինելու է ավելի ազդեցիկ և իրականացնելու է խորքային ու բովանդակային գործառույթներ։

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Ապրիլ 05, 2021 at 15:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր