Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց ՀՀ կառավարության հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց,  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց ՀՀ կառավարության հրաժարականը
2020թ. ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առթիվ իր ելույթի ժամանակ հայտարարեց հրաժարական տալու մասին:
 
Մասնավորապես վարչապետն իր ուղերձում ասաց.
 
«Սույն թվականի մարտի 18-ին, Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով ես հայտարարեցի 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
 
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից:

Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:

Սիրելի հայրենակիցներ,

հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր: Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով:

2020 թվականին մենք անցել ենք աղետալի իրադարձությունների միջով: Կատարվածի պատճառների, հիմքերի, լուծումների մասին արտահայտվել են գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, կառավարության անդամներ, մտավորականներ, հոգևորականներ, հասարակական կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր:

Միակ սուբյեկտը, որը կարծիք արտահայտելու ինստիտուցիոնալ հնարավորություն չի ունեցել` ժողովուրդն է, և ուրեմն՝ ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի ու ներկայի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Արտահերթ ընտրություններն անցկացվում են՝ այդ հնարավորությունն ստեղծելու համար:

2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջարկել եմ դեռևս 2020 թվականի վերջին: Բայց մի շարք ուժերի կողմից այն մերժվում էր, որովհետև արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի չակերտավոր էլիտար փակ սենյակներում, և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից:

Այդ ուժերը նման մոտեցում ցուցաբերում էին ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի կողմից վստահության արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի չակերտավոր էլիտայի կողմից կայացված որոշումները:

Մեր հավատամքը, սակայն, բոլորովին այլ է. ժողովրդի ազատ կամարտահայտությունը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է, և իշխանության հետագա ճակատագիրը պիտի որոշի միայն ու միայն, բացառապես ժողովուրդը, և ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը:

Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը:

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին: Զորակցություն հայտնել անհետ կորած համարվող մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են, եւ մենք պիտի ուժ և կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար»:
 
Վարչապետի հայտարարությանը հետևել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է նախագահի պաշտոնական կայքում:

Ապրիլ 26, 2021 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր