Իրավապահ մարմինները ապօրինի ծառահատումների դեպքեր են արձանագրել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում: ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։ Բանն այն է, որ նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ) և դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին: Մինչդեռ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ արձանագրել ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածում ծառահատումների դեպքերը, դրանց հիման վրա կազմել կատարված ծառահատումների վերաբերյալ ամփոփ հաղորդում, ինչը հնարավոր կդարձներ հարուցել քրեական գործ, և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն գործիքակազմով հետամուտ լինել հանցանքի բացահայտմանը և այն կատարող անձանց հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկելուն: Խնդրի ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: Միջնորդագրերով, ըստ յուրաքանչյուր պետական մարմնի իրավասությունների շրջանակների, բարձրացվել են նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար ազգային պարկի տարածքում շուրջօրյա վերակարգեր սահմանելով անտառային տարածքներ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի հատված ծառերի այլ կոճղեր հայտնաբերելու, դրանցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսությունների տարածքներն ուսումնասիրելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու խնդիրը:
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականն ուղղվել է Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին: Ռոմանոս Պետրոսյանը պահանջել է յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ: Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն: «Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով բնության անխաթարության պահպանումը»,- նշված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
Հուլիս 01, 2021 at 16:18