2021թ-ին Սևանա լճից նախատեսվում է հավելյալ մինչև 75 միլիոն խմ ջրառ իրականացնել

2021թ-ին Սևանա լճից նախատեսվում է հավելյալ մինչև 75 միլիոն խմ ջրառ իրականացնել

2021թ-ին Սևանա լճից նախատեսվում է հավելյալ մինչև 75 միլիոն խմ ջրառ իրականացնել: Այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Հարցազրույց Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդման ժամանակ: Նշենք, որ այս տարի առավելագույն ջրառը Սևանա լճից սահմանված է 170 միլիոն խմ-ն: Լճից արդեն իսկ բաց է թողնվել 137.392 միլիոն խմ ջուր: Լճի մակարդակը հուլիսի 27-ի դրությամբ կազմում է 1900.73 մ, ինչը 3սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 

«Ելնելով կանխատեսումներից՝ կարող եմ ասել, որ մինչև ոռոգման սեզոնի ամբողջական ավարտը մեզ հավելյալ 55-75 միլիոն խմ ջրի կարիք է լինելու: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմով խորհրդակցեցինք, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պետք է արդեն նախաձեռնությամբ հանդես գա՝ օրենքի մեջ փոփոխություններ անելու սակավաջրության փաստի հիման վրա, ինչպես նաև մեր նախարարության տված փաստարկների և կանխատեսումների հիման վրա: Օրենքի նախագիծ ենք Կառավարություն տանելու, ապա՝ նաև Ազգային ժողով, որը թույլ կտա մեզ մինչև 75 միլիոն ջրառ իրականացնել Սևանա լճից»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Հարց է առաջանում, թե հավելյալ ջրառի քանի տոկոսը կհասնի գյուղացուն, հաշվի առնելով, որ Սևան-Հրազդան համակարգում կորչում է Սևանա լճից բաց թողնվող ջրի 70-80 տոկոսը: Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար իրականացվում են տարբեր ծրագրեր, սակայն կարևորագույն խնդիրներից մեկը՝ ջրակորուստները նվազագույնի հասցնելը, տասնյակ տարիներ չի լուծվում:

Հիշեցնենք, որ 2019 թ-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, ըստ որի`  Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ է սահմանվել մինչև 170 մլն խմ՝ բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում: Օրենքով սահմանված կարգով Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու դեպքում Կառավարությունը «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողով ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

Իր խոսքում Ռոմանոս Պետրոսյանը երաշտի մասին ասաց. «Երաշտի նախադրյալներ որպես այդպիսին կա, բայց իրավական առումով, ակադեմիական իմաստով այդ բառի, երաշտ չունենք այս պահին, բայց ունենք ընդգծված սակավաջրութուն: Սակավաջրությունը ենթադրում է նախաերաշտային մի շրջափուլ, որը ենթադրում է որոշակի իրավակարգավորումներ, միջոցառումներ, պետական կառավարման համակարգի կողմից որոշակի ուժերի լարում, ինչը մենք միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում իրականացնում ենք»:



Հուլիս 27, 2021 at 18:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր