Մշակվում է կլիմայի փոփոխությանը Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիրը

Մշակվում է կլիմայի փոփոխությանը Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիրը

Մշակվում է կլիմայի փոփոխությանը Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիրը (ՋՈՀԾ): Այն մշակվում է «Հարմարվողականության ազգային ծրագիր (ՀԱԾ)` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում: ՋՈՀԾ-ի մշակման հարցերին նվիրված հերթական աշխատաժողովը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 29-ին:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ իրականացվող աշխատանքների արդյունքում ձևավորվելու է ջրային ռեսուրսների հարմարվողականության, կլիմայական ռիսկերի և կլիմայական երկարաժամկետ ազդեցությունների մեղմմանն ուղղված Կառավարության կողմից հաստատված ծրագիր: «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն կլիմայի փոփոխության ներքո այն պետք է ավելի հստակ ձևակերպվի, որպեսզի մենք հասկանանք այն մարտահրավերները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել մեր կայուն զարգացման նպատակներին հասնելու, ինչպես նաև ջրով բնակչությանը, արդյունաբերությանը և, իհարկե, որպես հիմնական ջրօգտագործող, գյուղատնտեսությանն ապահովելու համար»,- նշեց Դիանա Հարությունյանը:

ԷկոԼուրի հարցին, թե ինչ խոչընդոտներ կան կամ կարող են ծագել ծրագրի իրականացման ճանապարհին՝ Դիանա Հարությունյանն արձագանքեց. «Հիմնական խոչընդոտը ես տեսնում եմ նրանում, որ իրավական փաստաթղթերում նոր փոփոխություններ մտցնելը բավական ծանր գործընթաց է: Պետք է այս ուսումնասիրությունների արդյունքներով փաստացի տվյալներ տրամադրենք որոշում ընդունողներին, նրանց, ովքեր քաղաքականություն են մշակում, որպեսզի իրենք ներմուծեն դրանք, ամեն անգամ փոփոխություններ մտցնելիս և նոր կարգավորման փաստաթղթեր մշակելիս հաշվի առնեն կլիմայի փոփոխությունը: Այսինքն՝ երբ դու գիտես, թե քեզ ինչ ռիսկեր են սպասվում, պետք է քաղաքականությունդ համապատասխանեցնես: Խնդիրը դա է: Կլիմայական ռիսկն էլ ավելի խորացնում այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք, բայց որոնք դեռ պետք է , գնահատել, վերլուծել ու կանխատեսել: Այստեղ կան և՛ քաղաքական կամքի, և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեխնոլոգիաների, և՛ գիտելիքի և կարողությունների բացեր, որոնց պետք է փուլերով լուծում տալ: Սա կարծես դեղատոմս է, որը դու կարող ես օգտագործել կամ ոչ: Բոլոր երկրներում կլիմայի փոփոխության խնդիրը շատ ակտուալ է. որքան հետաձգենք այն գործողությունները, որոնք պետք է անենք, ավելի դժվար իրավիճակի մեջ ենք դնելու հաջորդ սերունդներին կամ քաղաքական գործիչներին»,- ասաց Դիանա Հարությունյանը: Նա նշեց, որ ջրային ռեսուրսների հասանելիությունը ոչ միայն ազգային, այլև միջազգային և միջպետական նշանակության խնդիր է: «Կա ջրի կոնվենցիա, որը ստեղծված է հարթեցնելու կոնֆլիկտային իրավիճակները: Պետությունների ներսում իրականացվող քաղաքականությունը չպետք է ազդի հարևան երկրների ջրի հասանելիության և որակի վրա: Հարևան երկրները նույնպես միջազգային աջակցություն են ստանում բնապահպանական ծրագրերի համար, և այդ մեխանիզմով նաև կարելի է ներազդել ոչ բնապահպանական և ոչ միջազգային իրավունքի տեսակետից արվող քայլերը կանխելու համար»,- նշեց նա:

Արձագանքելով  ԷկոԼուրի այն հարցին, թե ծրագրի մշակումը որքանով կօգնի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ  ծրագրի ջրային ռեսուրսների և հարմարվողականության հարցերով ազգային խորհրդատու Վահագն Տոնոյանն ասաց. «Կարծում եմ՝ մեծապես կօգնի, որովհետև ջրային ոլորտի տարբեր ենթաոլորտներում մենք ունենք քիչ թե շատ լավ մշակված ռազմավարություններ, ծրագրեր, միջոցառումներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ պլաններ, ջրավազանային կառավարման պլաններ, հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգ, ջրամբարաշինության հեռանկարային ծրագիր...: Մենք այս ծրագրերում մտցնում ենք կլիմայի փոփոխության բաղադրիչը, որպեսզի հաշվի առնենք, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ունենք ջրային ռեսուրսների խոցելիություն և պետք է ավելի խնայողաբար օգտագործենք ջրային ռեսուրսները: Եթե հարմարվողականության միջոցառումների ծրագիրն ընդունվի, 3-4 տարի հետո որոշակի արդյունքներ կտեսնենք, թե որ ուղղությամբ ենք շարժվում»,- նշեց նա: Անդրադառնալով ջրային ոլորտում «կանաչ» ծրագրերի իրականացմանն ուղղվող ծախսերի արդյունավետության հարցին՝ Վահագն Տոնոյանը նշեց, որ դա ներդրում է ապագայի համար: «Ծախսերի հետ կապված երկու տարբեր մոտեցում կա: Որպեսզի կարողանանք հիմնավորել Կառավարությանն իրականացնելու այս միջոցառումը պետք է ցույց տանք, թե այն չիրականացնելու դեպքում ինչ ծախսեր կլինեն երկրի համար: Այս գնահատումը մեզ հիմք է տալիս արդեն առաջարկվող միջոցառումները շատ ավելի լավ հիմնավորել, որովհետև ավելի լավ է մենք ՀՆԱ-ի 0,01% չափով ներդրում անենք ու միջոցառում իրականացնենք և հետագայում խուսափենք ՀՆԱ-ի 2,8%-ի կորստից: Մենք պետք է սա համարենք ոչ թե ծախս, այլ՝ ներդրում՝ խուսափելու համար հետագա այլ ծախսերից»,- նշեց նա:

Հայաստանում «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» թիմի ղեկավար Ֆլորենս Պինտուսն ասաց. «Մինչ այս պահը մշակել ենք առանցքային ասպեկտները, որոնք պետք է որդեգրվեն ջրային ոլորտի հարմարվողականության պլանում: Աշխատանքների կատարման ընթացքում պետք է նկատի ունենանք Ազգային հարմարվողականության պլանի 8 սկզբունքներ, որոնք կիրառվում են բոլոր ոլորտների համար:  Առաջինի համաձայն՝ կլիմայի նկատմամբ խոցելիությունն ու սոցիալական հավասարությունը փոխկապակցված են: Երկրորդը ենթադրում է գենդերային մոտեցումների խթանում, երրորդը՝ բազմավտանգային մոտեցումը, չորրորդը՝ ռիսկի կրճատման և զարգացման հավասակշռումն է, հինգերորդը՝ էկոհամակարգային մոտեցումն է, հաջորդը՝ մասնակցությունն ու  ներառականությունը, այնուհետ՝ թափանցիկությունը և գիտելիքների փոխանցումը: Վերջին սկզբունքը վերաբերում է ֆինանսական որոշումների կայացմանն ու կառավարմանը՝ հաշվի առնելով կլիմայական պահանջները»,- նշեց նա:

Ըստ Ֆլորենս Պինտուսի՝ ջրային ոլորտի հարմարվողականության պլանի ընդհանուր նպատակն է երաշխավորել, որ շրջակա միջավայրի բնական հոսքերը համադրելի են Հայաստանի քաղաքացիների և տնտեսական միավորների համար հուսալի, մատչելի ու կայուն հանրային ջրամատակարարման հետ: «Սահմանում ենք երեք ռազմավարական նպատակ: Նախ գիտելիքների բարձրացում և շահագրգիռ կողմերի հարմարվողականության կարողությունների ավելացում: Երկրորդը՝ համակարգել պլանավորման քաղաքականությունը տարբեր մասշտաբի և ոլորտների միջև: Երրորդ նպատակն է պահպանել ջրային ռեսուրսներն ու որակյալ ծառայությունները»,- ասաց նա:

«Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» ազգային փորձագետ Օլիմպիա Գեղամյանը, ներկայացնելով պլանի մշակման իրավական ասպեկտները, նշեց. «Հարմարվողականության միջոցառումները պետք է իրականացվեն օրինականության, պետական մարմինների թափանցիկ և հաշվետվողական գործունեության, հասարակության ներգրավման, խտրականության բացառման, ջրօգտագործողների շահերի հավասարակշռման, նրանց իրավունքների և պարտականությունների հստակ սահմանման, արդյունավետ վերահսկողության և մի շարք այլ սկզբունքների հիման վրա՝ որպես մարդու իրավունքների երաշխավորման միջոց»:

Անդրադառնալով Սևանա լճի պահպանությանը՝ Օլիմպիա Գեղամյանը նշեց, որ Սևանա լճի էկոհամակարգի բարելավման և կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման համար կարևոր է դրսևորել էկոհամակարգային մոտեցում. «Անհրաժեշտ է ձեռնարկել բնապահպանական, իրավական ու տնտեսական մի շարք միջոցառումներ ու լուծումներ այդ նպատակին հասնելու համար»,- նշեց նա: Ջրային ոլորտի հարկային օրենսդրության և իրավակարգավորումների մասով էլ նշեց, որ ջրօգտագործման վճարի դրույքաչափերը համարժեք և արդարացված չեն: «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի վերանայումը կարևոր քայլ կհանդիսանա այս ոլորտի քաղաքականության մեջ՝ հատկապես ջրաբաշխման և ջրօգտագործման համակարգերում խոշոր հոսակորուստները կրճատելու, ջրի ռացիոնալ և արդյունավետ օգտագործման համար»,- նշեց նա:

«Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» կլիմայի փոփոխության և ջրային ոլորտի հարմարվողականության փորձագետ Ալեքսանդր Առաքելյանն անդրադարձավ ջրային ոլորտի հարմարվողականության  ծրագրի շրջանակներում քննարկվող տեխնիկական բացերին: «Հանրապետությունում սահմանված չեն ոռոգման ջրի և մաքրված կեղտաջրերի որակական ստանդարտները։ Վտանգների և ռիսկերի քարտեզների, թվային մոդելների, օպերատիվ տեղեկատվության, վաղ ազդարարման համակարգերի բացակայությունը մեծապես խոչընդոտում է աղետների ռիսկերի արդյունավետ կառավարմանը», - նշեց նա: Ըստ Առաքելյանի՝ գիտական ու կրթական մի շարք բացեր կան: «Համալսարանական ծրագրերում գրեթե ներառված չեն կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների վերաբերյալ թեմաներով առարկաներ։ Հանրապետությունում առկա գիտական ներուժն արդյունավետորեն չի օգտագործվում ջրային ոլորտի հարմարվողականության միջոցառումների մշակման համար: Գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ մակարդակով չեն կիրառվում հետազոտությունների վրա հիմնված կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և ջրախնայող տեխնոլոգիաները»,- ասաց նա: Որպես խնդրի լուծում՝ Ալեքսանդր Առաքելյանն առաջարկեց իրականացնել հիդրոօդերևութաբանական մոնիթորինգ, ջրօգտագործման և հողօգտագործման հաշվառում, ջրային ենթակառուցվածքների շահագործում և պահպանում, աղետների ու տվյալների կառավարում, կրթական բարեփոխումներ, հանրապետությունում առկա գիտական ներուժի արդյունավետ օգտագործում և այլն:

«Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» գենդերային հարցերով փորձագետ Արմենուհի Բուրմանյանը նշեց, որ կանայք կենցաղային ջրի հիմնական օգտագործողն են և անհրաժեշտ է մեծացնել կանանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարման համակարգում ու որոշումների կայացման մեջ։ Խմելու ջրի և սանիտարական ծառայությունների հասանելիության խնդրի մասով փորձագետն առաջարկեց հստակեցնել խոցելի խմբերը և գնահատել իրենց կարիքները մարզային և համայնքային մակարդակներում, միևնույն ժամանակ, ապահովել բարելավված սանիտարական ծառայություններ աղջիկների և տղաների համար բոլոր հանրային դպրոցներում։ Արմենուհի Բուրմանյանը նաև կարևորեց անբարենպաստ պայմաններում գտնվող գյուղական համայնքներում տեղեկացվածության բարձրացման արշավների մշակումն ու իրականացումը՝ ոռոգման, ջրախնայող, կաթիլային տեխնոլոգիաների, անձրևաջրերի օգտագործման թեմաներով: «Անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր ջրի և գյուղատնտեսության ոլորտում՝ ներառյալ դասընթացներ, նոր տեխնոլոգիաների կիրառում և բիզնես նախաձեռնություններ՝ հաշվի առնելով գենդերային մոտեցումները, միջազգային և տեղական փորձը»,- ասաց նա:

Ըստ «Ֆրանսիայի ջրերի միջազգային գրասենյակի» ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Լիանա Մարգարյանի՝ ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքներում գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել ջրօգտագործման արդյունավետության բարձրացում և ջրառի ծավալների կրճատում, ոռոգման համար ջրի այլընտրանքային աղբյուրների փնտրում՝ այդ թվում կեղտաջրերի (ձկնաբուծական, կենցաղային, այլ), անձրևաջրերի օգտագործում, մառախուղից ջրի կլանում, ջրի երկրորդային օգտագործման խրախուսում և արտոնությունների սահմանում, ինչպես նաև՝ ոռոգման ջրի որակի նորմերի սահմանում:

Ջրամբարաշինության ոլորտում, ըստ փորձագետի, ևս անելիքներ կան: «Կլիմայի փոփոխության ներքո կառուցված, կառուցվող և նախատեսվող ջրամբարների տնտեսական օգուտների գնահատում է անհրաժեշտ։ Իսկ կառուցվող և նախատեսվող ջրամբարների նախագծման փաթեթներում անհրաժեշտ է ներառել էկոհամակարգային մոտեցման և կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսի հնարավոր խոցելիության գնահատման արդյունքները: Մյուս կողմից անհրաժեշտ է գնահատել կառուցված, կառուցվող և նախատեսվող ջրամբարների տարածքի միկրոկլիմայի հնարավոր փոփոխությունների, ջրի գոլորշիացման և ջերմոցային գազերի արտանետումների քանակը»,- ասաց Լիանա Մարգարյանը։

Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման տեսանկյունից բանախոսն առաջարկեց քաղցրահամ ջրաղբյուրների ջրի քանակի և որակի փոփոխությունների, խմելու ջրապահանջարկի և ջրի հասանելիության փոփոխությունների գնահատում իրականացնել։ Այդ ամենին զուգահեռ, ըստ բանախոսի, անհրաժեշտ է իրականացնել կոյուղացման համակարգերի վերականգնում, կեղտաջրերի հավաքում, մաքրում և կրկնակի օգտագործում։ Էներգախնայող, մատչելի, հեշտ սպասարկվող մաքրման կայանների կառուցում (Սևանի ջրավազանային կառավարման տարածքում՝ որպես պիլոտային նախագիծ), որոնք հիմնված կլինեն բնական լուծումների վրա։

Ըստ Լիանա Մարգարյանի՝ փոփոխություններ են անհրաժեշտ նաև հիդրոէներգեիկայի ոլորտում: «Անհրաժեշտ է «ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրի» (2011թ.) վերանայում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիությունը։ Անհրաժեշտ է նաև հիդրոէներգետիկ նպատակով երկարաժամկետ ջրօգտագործման թույլտվությունների վերանայում՝ հաշվի առնելով ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը։ Ինչպես նաև՝ ՀԷԿ-երի համար նորարարական ջրախնայող և էներգաարդյունավետ համակարգերի ներկայացում և պիլոտային ՀԷԿ-երում ներդնում՝ հիմնված «նվազագույն ջրառ-շատ էներգիա» գաղափարի վրա»,- նշեց նա:

Աշխատաժողովի ընթացքում հատուկ էլեկտրոնային ծրագրի միջոցով տեղի ունեցավ մասնակիցների կողմից ներկայացված յուրաքանչյուր թեմայի շուրջ միջոցառումների գնահատում՝ ըստ գերակայության:   

Լուսանկարները՝ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի

Հուլիս 16, 2021 at 10:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր