ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի 3-րդ աշխատանքային խմբի արտահերթ նիստն ավարտվեց ԱլԳ ՔՀՖ քարտուղարությանը հասցեագրված հայտարարությամբ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի 3-րդ աշխատանքային խմբի արտահերթ նիստն ավարտվեց ԱլԳ ՔՀՖ քարտուղարությանը հասցեագրված հայտարարությամբ

Մայիսի 17-19-ը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և էներգետիկայի 3-րդ աշխատանքային խմբի առցանց հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 3-րդ աշխատանքային խմբի անդամները, ԱԼԳ երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի ներկայացուցիչների և եվրոպացի գործընկերների հետ միասին: Հանդիպմանը 2 զեկույց է ներկայացվել Հայաստանից: ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի համակարգող, «Հասարակական մոնիտորինգի և իրազեկման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը ներկայացրեց իրավիճակը Հայաստանում էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում, քաղաքացիական հասարակության գործունեությունն ու այդ ուղղությամբ ազգային քաղաքականության վրա ազդեցությունը: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության պարտավորությունների հանրային մոնիտորինգը` ընդունված CEPA-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության և Հայաստանի միջև), «Կանաչ գործարք»-ի (Green Deal), ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և այլ միջազգային կոնվենցիաների շրջանակներում» թեմայով ելույթը: Եռօրյա քննարկումների ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցան «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Էկոթիմ» ՀԿ-ի ղեկավար Արտաշես Սարգսյանը, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը և այլ մասնակիցներ:

Օրակարգում ընդգրկված էին ելույթներ Արևելյան գործընկերության բոլոր 6 երկրներից և նրանց եվրոպական գործընկերներից: Քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, կլիմայի փոփոխության և ֆինանսավորման ոլորտում համագործակցության հետագա գործողություններն ու հնարավորությունները:

Հանդիպման ավարտին ԱլԳ ՔՀՖ քարտուղարությունը հրապարակեց տեղեկատվական նյութ, գործնականում՝ արձանագրություն, որի հետ կապված մայիսի 25-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խումբը արտահերթ հանդիպում կազմակերպեց (խմբ.՝ 12 մասնակից):

Նշվել է, որ Խմբերի աշխատանքին վերաբերող պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Էլչին Սուլթանովը ներկայացրել է, որ հայ-ադրբեջանական պատերազմից հետո իրենց խումբը Ադրբեջանի կառավարության հետ միասին իրականացնում է Ղարաբաղի բնության վիճակի մոնիտորինգ և արձանագրել, որ  ոչնչացվել է 110 հազար հա անտառ ու վարելահող, իսկ Զանգելանի տարածքում գտնվող Բասիտչայ պահպանվող տարածքում ոչնչացվել են հազվագյուտ ծառատեսակներ և, որ այդ արդյունքները ներկայացվում են որպես Ադրբեջանի ազգային պլատֆորմի  հայտարարություն: 

Երևանում տեղի ունեցած արտահերթ հանդիպման մասնակիցները նշել են, որ Քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում կառուցողական երկխոսության կոչերը, որոնք արել են Հայաստանից բանախոսներ Մ. Չաքրյանը և Ի. Զարաֆյանը, չնայած ընդրգկվել են  պաշտոնական շնորհանդեսների տեքստում, այնուամենայնիվ, չեն ներառվել Քարտուղարության կողմից հրապարակված արձանագրության մեջ:

Որոշում կայացվեց ԱլԳ ՔՀՖ հայկական ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի անունից հատուկ հայտարարությամբ դիմել ԱլԳ ՔՀՖ քարտուղարությանը:

Հայտարարության տեքստը կհրապարակվի ավելի ուշ:

Հունիս 09, 2021 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր