

Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 3-րդ աշխատանքային խմբի անդամները հատուկ հայտարարությամբ դիմել են ԱլԳ ՔՀՖ քարտուղարությանը: ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի անդամները, քննարկելով մայիսի 17-19-ը ԱլԳ քաղհասարակության ֆորումի 3-րդ խմբի առցանց ձևաչափով տեղի ունեցած հանդիպման արդյունքները, ինչպես նաև հանդիպման հրապարակված զեկույցում տեղ գտած տեղեկատվությունը, արձանագրել են, որ զեկույցում ընդգրկված Ադրբեջանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Էլչին Սուլթանովի ելույթը քաղաքականացված է ու ոչ կոռեկտ: Հայկական կողմը պահանջել է զեկույցից հեռացնել Էլչին Սուլթանովի ելույթի արձանագրության այն հատվածը, որը վերաբերում է Ադրբեջանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի կողմից «Ղարաբաղում» Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ իրականացված շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգին և զեկույցի պատրաստմանը:
Հայտարարության մեջ նշված է.
«1. Ադրբեջանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Էլչին Սուլթանովի ելույթը համարում ենք քաղաքականացված և ոչ կոռեկտ:
2. ԱլԳ ՔՀՖ քարտուղարությունից պահանջում ենք զեկույցից հեռացնել Էլչին Սուլթանովի ելույթի արձանագրության այն հատվածը, որը վերաբերում է Ադրբեջանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի կողմից «Ղարաբաղում» Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ իրականացված շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգին ու զեկույցի պատրաստմանը, որն Ադրբեջանի ազգային պլատֆորմի քարտուղարության կողմից ընդունվել և հաստատվել է որպես հայտարարություն:
3. Քանի որ արդեն իսկ ԱլԳ ՔՀՖ հանդիպման շրջանակում հնչել է «Ղարաբաղի» տարածքում իրականացված շրջակա միջավայրի մոնիտորիգի մասին, պահանջում ենք, որ քարտուղարությունը տրամադրի այն, ինչպես Հայաստանի պլատֆորմին, այնպես էլ գործընկերության մյուս երկրների պլատֆորմների 3-րդ աշխատանքային խմբերին:
Էլչին Սուլթանովի ելույթը պարունակում է քաղաքական, ավելին՝ ռազմաքաղաքական ենթատեքստ, քանի որ խոսքը մի տարածքի՝ Արցախի մասին է, որտեղ ակտիվ ռազմական գործողությունների հետքերը դեռ թարմ են, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, որի վերաբերյալ Եվրոպական միությունն արտահայտել է հստակ դիրքորոշում: Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնք ամրագրված են ««Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում»՝ նշելով, որ խնդրի երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա։
Մեր կարծիքով, նշված տեղեկատվությունը արձանագրության մեջ զետեղելով, քարտուղարությունը թույլ է տվել կոպտագույն խախտում: Եվ սա այն դեպքում, երբ 2020թ. ԱլԳ ՔՀՖ համաժողովի ժամանակ թույլ չի տրվել ընդհանրապես խոսել արցախյան հակամարտության մասին, մինչդեռ այս զեկույցում զետեղվել է միակողմանի տեղեկատվություն: Եվ սա այն դեպքում, երբ քարտուղարությունն անպատասխան է թողել Հայաստանի քաղհասարակության դիմումները խաղաղ բնակիչների սպանությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորման, կասետային և հրկիզող միջազգայնորեն անթույլատրելի զինատեսակների օգտագործման, հայ/հայաստանցի գերիներին խոշտանգելու և չվերադարձնելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ թվարկված ապօրինությունները դատապարտվել են Եվրախորհրդարանի կողմից:
Եվ սա այն դեպքում, որ Ադրբեջանը ոչ միայն խախտել է միջազգային պատերազմական, հումանիտար ու բնապահպանական նորմերը, այլև ադրբեջանական ագրեսիան ուղղված է եղել ոչ միայն Արցախի ժողովրդի ու Հայաստանի, այլև համայն մարդկության և բնության դեմ»:
Հունիս 10, 2021 at 17:56