

Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը տեսանելի է Սևանա լճի էկոհամակարգի վրա: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նվազել են դեպի լիճ գետային հոսքերի ծավալները, ավելացել է գոլորշիացումը, լիճը ծաղկում է, մակարդակն՝ օրեցօր իջնում: 2021թ. հունվարի 8-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,52 մ, այնուհետև լճի մակարդակը բարձրացավ մինչև 1900.91 մ նիշը, ապա սկսեց իջնել: Արդեն իջել է 16 սմ-ով: 2021թ. հուլիսի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,75 մ, ինչը 2020թ. նույն օրվա ցուցանիշի համեմատ ցածր է 3 սմ-ով (1900,78 մ), իսկ 2019թ. հուլիսի 19-ի համեմատ՝ 6 սմ-ով (1900,81 մ): Լճի մակարդակն ավելի ցածր է նախորդ 2 տարիների համեմատ չնայած նրան, որ ջրառից շատ ջուր է ներհոսել Սևանա լիճ: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 129,686 միլիոն խմ ջուր: Իսկ մայիսի 25-ից մեկնարկած ոռոգման համար լճից բաց է թողնվել 119,182 միլիոն խմ ջուր:
Հիշեցնենք, որ «Սևանա լճի էկոհամակարգային վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված է տարեկան լճի մակարդակը բարձրացնել մոտ 21,6 սմ-ով: Անգամ հաշվարկներ էին արվել, որոնք նախանշում էին 30 տարվա ընթացքում Սևանի ջրի ծավալն ավելացնել շուրջ 8,8 մլրդ մ3-ով, ինչը հավասարազոր է լճի մակարդակի 6.5 մ՝ մինչև 2030թ-ը 1903,5 մ բարձրացմանը: Սակայն մենք դեռ չենք կարողանում հասնել 1901 մ նիշի:
Նշենք, որ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի համաձայն՝ 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա: Գնահատվել է նաև Սևանա լճից գոլորշիացումը՝ կապված տեղումների, ջերմաստիճանի փոփոխությամբ: Համաձայն գնահատականների՝ 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով:
Հուլիս 20, 2021 at 17:33