Հեծանիվ, ջահ, արդուկ, թեյնիկ, վարսահարդարիչ.... դուրս է բերվել Սևանից ու Սևան թափվող գետերի միջից

Հեծանիվ, ջահ, արդուկ, թեյնիկ, վարսահարդարիչ.... դուրս է բերվել Սևանից ու Սևան թափվող գետերի միջից

Հեծանիվ, ջահ, արդուկ, թեյնիկ, վարսահարդարիչ… Թվարկվածը տնտեսական իրերի խանութ այցելելու ցուցակ չէ, այլ Սևանից ու Սևան թափվող գետերից դուրս բերված իրերի մի փոքր մասը միայն: Այս իրերը ցուցադրված էին 2021թ. հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում տեղի ունեցած «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով ցուցահանդեսին: Այն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում: 

Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի թվով 10՝ Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր,Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ և Վարդենիկ համայնքների 253 բնակիչ մասնակցել է նշված համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, որի արդյունքում հավաքվել է 229 հազար 364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն, ինչը տեղափոխվել է համապատասխան վերամշակման գործարաններ: 
 

Ծրագրի շրջանակներում նշված 10 համայնքների բնակիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ թափոնների տեսակավորման, ինչպես նաև՝ դրանց վերամշակման և երկրորդային օգտագործման թեմաներով: Ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրված էին նաև տեղի բնակիչների հավաքած թափոններից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ մաքրման աշխատանքների ընթացքը ներկայացնող լուսանկարներ: 


Մաքրման աշխատանքներից զատ Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ հատվածներում «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվել է ուռենու կտրոնների տունկ: Ծրագրի ղեկավար Ալլա Բերբերյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ 2020թ. վերջին մեկնարկած ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է 520 հազար ուռենու կտրոնի տունկ: «Ծառատունկ կիրականացնենք նաև աշնանը: Նպատակ ունենք թիրախը հասցնել մեկ միլիոնի»,- նշեց նա:


Բացի այդ, մինչ 2021թ. դեկտեմբեր ընթացող ծրագրի ընթացքում նախատեսվում է Սևան թափվող գետերի ափամերձ հատվածների մաքրում նաև այլ համայնքներում: «Մաքրման աշխատանքներ կիրականացնենք նաև այլ տարածքներում՝ մեծացնելով շեշտադրումը կայունության վրա, նոր գաղափարներ ու միջոցառումներ կլինեն՝ ուղղված կայունությանը, կրթական միջոցառումների անցկացմանն ու իրազեկվածության բարձրացմանը»,- ընդգծեց նա: Ալլա Բերբերյանը հույս հայտնեց, որ բնակիչների կողմից իրականացված այս ծավալուն աշխատանքի արդյունքները մնայուն կլինեն: «Պետք է այնպես անենք, որ մաքրված գետերը շարունակեն մաքուր լինել»,- նշեց նա:


Անդրադառնալով ծրագրի սոցիալ-տնտեսական բաղադրիչին՝ Ալլա Բերբերյանը նշեց, որ այն ուղղված է COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը Գեղարքունիքի մարզում: «Բացի այն, որ բնապահապանական խնդիրներ ենք լուծում, ծրագիրն ապահովում է տեղի բնակիչների եկամուտը, նրանք վճարվել են մաքրման աշխատանքների և ուռենու կտրոնների տունկի դիմաց»,- ասաց նա: Ըստ նրա՝ կենցաղային թափոններից նոր ռեսուրս ստանալու դասընթացներին մասնակցած շուրջ 100 բնակիչ էլ ձեռք է բերել նաև եկամուտ ստանալու նոր հմտություններ: 


Հարցին, թե ծրագրի արդյունքների մասին երբ կարող ենք խոսել, ծրագրի մարզային համակարգող, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի ղեկավար Լիանա Ասոյանը նշեց. «Վերջնական արդյունքին կհասնենք այն ժամանակ, երբ նմանատիպ միջոցառումների կարիք չունենանք: Երբ այլևս չաղտոտենք մեր տարածքը: Մենք պետք է այնքան պատասխանատու լինենք մեր բնության հանդեպ, որ նման առիթներ չլինեն»: Արձագանքելով հարցին, թե ծրագիրն արդյոք օգնել է տեղի բնակիչների վարքականոնի փոփոխությանը՝ նա ասաց. «Աշխատանքներ տանում ենք այդ ուղղությամբ: ՏԻՄ-երի ու տեղի բնակիչների հետ մոնիթորինգի ու բացատրական աշխատանքներ ենք տանում, դասընթացներ անցկացնում»: 


ԳՄՀԸ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերն ասաց, որ սա մեծ ու կարևոր փորձ էր: «Պետք է պատրաստ լինենք և չզլանանք հավաքել գետնին թափված աղբը: Հայաստանը չքնաղ երկիր է: Դուք ունեք գեղեցիկ բնություն: Պետք է խրախուսեք, ոգևորեք ձեր կոլեգաներին, բարեկամներին ու ընկերներին, որ նրանք նույնպես իրենց ներդրումն ունենան մաքրման աշխատանքներում, որպեսզի մենք չունենանք այն պատկերը, որն ունեինք մինչ մաքրումը»,- նշեց նա:

Միջոցառման ավարտին ծրագրի մասնակից շահառու համայնքների բնակիչները Սևանա լճի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ իրականացրեցին:


Ծրագրին աջակցել է նաև «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ն:

Հուլիս 16, 2021 at 18:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր