Ավելի քան 5 տարի է՝ ադրբեջանական զինծառայողները փոխել են Զվարագետ վտակի հունը. Արման Թաթոյան

Ավելի քան 5 տարի է՝ ադրբեջանական զինծառայողները փոխել են Զվարագետ վտակի հունը. Արման Թաթոյան

Արդեն 5 տարուց ավելի է՝ ադրբեջանական զինծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, և այն այլևս չի միախառնվում Մեղրի գետին: Այս մասին 2021թ. հուլիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

Խնդիրը վեր է հանվել ՄԻՊ-ի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում: «Զվարագետ վտակը ձևավորվում է ձնհալների արդյունքում և օգոստոս ամսից միշտ միացել է Մեղրի գետին: Մինչև հունիս-հուլիս ամիսներ Մեղրի գետը բավարարել է ոռոգման և խմելու ջրի համար, հետո արդեն Զվարագետ վտակով շարունակվել է: Ադրբեջանցիները հատուկ փոխել են հունը Զվարագետ վտակի: Այդ իսկ պատճառով օգոստոսից սկսած լրջագույն խնդիրներ են առաջանում ջրի հասանելիության հետ կապված՝ Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք գյուղերում»,- նշեց օմբուդսմենը։

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև Սև լճի խնդրին: «Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Սև լճի հատված, իրենց հանցավոր ներկայությամբ շարունակաբար խախտում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Այդ ջրային պաշարները  ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո են»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կառույցներում այդ հարցերը բարձրացնելու լայն հնարավորություններ ունի։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզում առկա ջրային ավազաններին, որոնք ներկայումս գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո՝ Արման Թաթոյանն ասաց. «Այդ ջրային ավազաններից ձևավորվում են խմոցներ: Տեղացիները նշում էին, որ նաև խմելու ջուրն է ձևավորվում այդտեղից: Սրանք լրջագույն փաստեր են, միջազգային իրավունքով շատ լուրջ պաշտպանված: Դրա համար եմ ասում, որ այս փաստերը պետք է ամրապնդենք, առանձին գործընթացներ նախաձեռնենք, որպեսզի ճիշտ կատարվի սեփական քաղաքացիներին պաշտպանելու իրավունքը, որովհետև այդպես երկիրը նաև դիվերսիֆիկացնում է իր գործողությունները և հետո կարող է քաղաքական մեխանիզմներն ամրապնդել իրավականով»: 



Հուլիս 14, 2021 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր