

Բարձր ջերմաստիճանի, Սևանա լիճ ներհոսքի նվազման ու ոռոգման ջրառի վաղ մեկնարկի հետևանքով լճի մակարդակն իջնում է, լճի ծաղկումը կինտենսիվանա հուլիսի երկրորդ տասնօրյակին
Սևանա լճի մակարդակը նկատելիորեն իջնում է՝ 2021թ. հուլիսի 8-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900,76 մ, ինչը 5 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից (1900,81 մ): Մայիսի 25-ից սկսած ոռոգման համար լճից բաց է թողնվել 95.813 միլիոն խմ ջուր: Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը հուլիսի 8-ի դրությամբ կազմել է 126.639 միլիոն խմ:
Լճի մակարդակի՝ օրեցօր ցածրանալու վրա մեծապես ազդում է բարձր ջերմաստիճանը և դրանից բխող հետևանքները՝ Սևանա լիճ թափվող գետերի հոսքերի նորմայից ցածր լինելն ու ոռոգման ջրառը, գոլորշիացումը: Այս մասին օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
«Սևանա լճի ավազանում 2021թ. հունիսին դիտված օդերևութաբանական պայմաններն անբարենպաստ են եղել լճի ջրային ռեժիմի համար: Օդի միջին ամսական ջերմաստիճանը հունիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում նորմայից բարձր է եղել 2-5 աստիճանով, երրորդ տասնօրյակում՝ 6-7 աստիճանով: Դրանով պայմանավորված՝ լճից գոլորշիացումը բավական բարձր է եղել: Բարձր ջերամստիճանի պատճառով Սևանա լիճ թափվող գետերի հոսքերը նորմայից ցածր են եղել, ինչը ևս նպաստել է Սևանա լճի մակարդակի նվազեցմանը: Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված այս տարի ոռոգման ջրառը կատարվել է մայիսի 25-ին, նախորդ տարվա համեմատությամբ ավելի վաղ ենք սկսել: Եվ այս երեք գործոնները միաժամանակ նպաստել են, որպեսզի Սևանա լճի մակարդակի հետ կապված հունիսի երկրորդ տասնօրյակից սկսած ունենանք անկում և ոչ թե՝ աճ»,- ասաց Գայանե Շահնազարյանը: Ըստ նրա՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 8-ը լիճը բարձրացել է 39 սմ-ով: Լճի ջրի առավելագույն մակարդակը կազմել է 1900,91 մ, որը դիտվել է հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում:
Անդրադառնալով Սևանա լճի ծաղկման խնդրին՝ Գայանե Շահնազարյանը նշեց, որ իրենց կենտրոնի վերջին դիտարկումների համաձայն՝ Սևանա լճում արդեն սկսվել են ծաղկման գործընթացները, բայց ոչ այն ինտեսնիվությամբ, որն ակնկալվում էր: «Ծաղկման գործընթացները սովորաբար իրենց ինտենսիվությունն ունենում են հուլիս ամսվա երկրորդ տասնօրյակից սկսած և ավարտվում են օգոստոսի առաջին տասնօրյակում: Ծաղկման գործընթացները դեռ ինտենսիվանալու են՝ 2018թ. համեմատ կունենանք ավելի թույլ ինտենսիվությամբ ծաղկում, սակայն 2020թ. համեմատ կլինի ծաղկման նույն ինտենսիվությունը: Ընդհանուր առմամբ, ծաղկման գործընթացների վրա ազդեցություն են ունենում սնուցող նյութերի քանակությունը լճում, ջերմաստիճանային պայմանները, լճում ընդհանուր հիդրավլիկ վիճակը: Այս տեսանկյունից Սևանա լճի հատակամերձ հատվածում կրկին թթվածնային կոնցենտրացիան ցածր է, իսկ հատակամերձ շերտում լճի ջերմաստիճանը բարձր է, ինչը նպաստում է ծաղկման գործընթացների ինտենսիվ զարգացմանը: Այս պահի դրությամբ Սևանա լճի որոշակի հատվածներում են երևում ծաղկման օջախները, այդ գործընթացը դեռ ամբողջ ծավալով տարածված չէ Սևանում»,- նշեց Գայանե Շահնազարյանը:
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղված միջոցառումների մասին խոսեց Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: Նա նշեց, որԵվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» («EU4Sevan») ծրագրով նախատեսվում է Սևանա լճի էկոհամակարգի բարելավման համար հինգ արդյունք ստանալ: «Առաջին արդյունքը Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մոնիթորինգի համակարգի և կարողությունների բարելավումն է: Նախատեսվում է հզորացնել մոնիթորինգի համակարգը, սարքավորումներ ձեռքբերել:
Երկրորդ արդյունքը Սևանի էկոհամակարգի ջրախնայող օգտագործումն ու հողի մշակման գործողությունների խթանումն ու բարելավումն է: Գլխավոր նպատակը Սևանա լճի հարակից համայնքների հողօգտագործողների մոտ օրգանական գյուղատնետսության պիլոտային ծրագրերի իրականացումն է:
Երրորդ արդյունքը Սևանա լիճ հոսող կոյուղու կեղտաջրերի և մաքրման բնական լուծումների զարգացման արդյունքն է, որի շրջանակներում մինչև տարեվերջ փորձագիտական թիմը իրականացնելու է ուսումնասիրություններ կողուղաջրերի հոսքի և ծածկույթի մասով: Առաջարկելու են կոնկրետ այն տարբերակները, որոնք նպաստավոր են կիրառել Սևանա լճի ավազանի կոյուղաջրերի մաքրման տեսանկյունից:
Չորրորդ արդյունքը հասարակության իրազեկվածության բարձրացումն է, Սևանա լճի հիմնախնդիրների շահագրգիռ կողմերին տեղակատվության մատուցումը: Այս բաղադրիչի շրջանակներում հուլիս ամսից մեկնարկելու են տեսահոլովակներ, ճանաչողական քարոզարշավներ, իրականացվելու է COVID-19-ի սոցիալական հետևանքների մեղմմանը միտված Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ և Գավառագետ գետերի ափամերձ տարածքների և հուների մաքրման աշխատանքներ կոշտ-կենցաղային թափոններից, ինչպես նաև գետային ափամերձ տարածքներում ծառատնկման աշխատանքներ՝ ափապաշտպան շերտ ստեղծելու նպատակով: Ներգրավված է լինելու շուրջ 1000 մարդ, ովքեր ստանալու են դրամական աջակցություն: Արդյուքնում ձևավորվելու է տարածքների մաքրության և պահպանության տեղական բարձր մակարդակ:
Հինգերորդ բաղադրիչը Սևանա լճի կառավարման բարելավմանն է միտված: «Սևան» ազգային պարկի» նոր կառավարման պլանի մշակման անհրաժեշտություն կա, որի հիմքում մենք նախատեսում ենք իրականացնել հորիզոնական նիշերի ճշգրտում, ափամերձ համայնքների հետ ճշգրտման աշխատանքներ, ինչպես նաև՝ Սևանա լճի օրենսդրության վերանայումն է նախատեսված»,- ասաց նա:
Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ այս ծրագրից զատ մշակվել է Սևանա լճի ջրավազանային կառավարման պլանը, որի գլխավոր նպատակը ջրօգտագործման հավասարակշռումն է տնտեսական և բնապահպանական իմաստով: «Փաստաթուղթը գտնվում է բնապահպանական փորձաքննության փուլում»,- նշեց նա: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է կառուցել ԵՄ չափորոշիչներին և ստանդարտներին համապատասխանող սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: «Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Ակունք համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ, որից հետո դրանք ընդհանուր կտեղափոխվեն համապատասխան աղբավայր: Սա կարևոր է այն առումով, որ Սևանա լճի ավազանի գետերը հիմնականում աղտոտված են կոշտ-կենցաղային աղբով: «EU4Sevan» ծրագրի շրջանակներում կատարված մաքրման աշխատանքների ժամանակ շուրջ 35 տոննա աղբ էր դուրս բերվել գետերի հուներից և Սևանա լճի ափամերձ գոտուց»,- նշեց նա:
Հուլիս 08, 2021 at 16:55
