ՏԿԵՆ-ը կհստակեցնի, թե ընդերքօգտագործման պայմանագրով որքան սոցիալական աջակցություն է համայնքին տրամադրելու ընդերքօգտագործողը

ՏԿԵՆ-ը կհստակեցնի, թե ընդերքօգտագործման պայմանագրով որքան սոցիալական աջակցություն է համայնքին տրամադրելու ընդերքօգտագործողը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) պատրաստվում է հստակեցնել կանոնները, թե ընդերքօգտագործման պայմանագրով որքան սոցիալական աջակցություն պետք է ընդերքօգտագործողը տրամադրի ազդակիր համայնքին: Այս մասին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Հարցազրույց Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդման ժամանակ:

Անդրադառնալով 14 հանքարդյունաբերական ընկերությունների ընդերքօգտագործման պայմանագրերով սոցիալ-տնտեսական պարտավորություններ չունենալու մասին հարցին՝ Լիլիա Շուշանյանն պատասխանեց.

«Երբ օրենսդրական բարեփոխումը եղել է, արդեն կնքված են եղել պայմանագրերը, որտեղ այդ ավելացումները, պարզ է, չեն իրականացվել: Այդուհանդերձ, նշեմ, որ շատերը բարի կամքի կամ սոցիալական պատասխանատվության իրենց քաղաքականության շրջանակներում  այդ ամենն իրականացնում են: Այսինքն, պայմանագրեր ունեն համայնքների հետ, ներդրումներ են իրականացնում: Ինչ վերաբերվում է սոցիալական պատասխանատվության կարգավորմանը, ապա նշեմ, որ լիազոր մարմինն աշխատում է նաև այդ ուղղությամբ: Սկզբունքը կա նշված օրենսդրական դաշտում, սակայն այդ սկզբունքը բավարար չէ արդյունավետ իրագործման համար: Այսօր նման չափանիշ չկա սահմանված, և ամբողջ դաշտը բաց է մնում: Անհրաժեշտ են հստակ չափանիշներ, թե ինչպես ենք չափում, թե ինչ քանակի և ինչ չափի և ինչ որակի աջակցություն ենք ընդունելու ընդերքօգտագործողից համայնքների համար: Մենք պատրաստվում ենք հստակեցնել այդ կանոնները ևս, թե որքան սոցիալական աջակցություն պետք է տրամադրի պայմանագրով ընկերությունը, և եթե հնարավորություն լինի, տարածենք նաև գործող ընդերքօգտագործման պայմանագրերի վրա»:

Հիշեցնենք, որ համայնքների սոցիալ-տնտեսական  զարգացման պարտավորություններ ամրագրված չեն եղել «Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Թեղուտ» ՓԲԸ-ի, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, «ԼիճքՎազ» ՓԲԸ-ի, «Լեռ էքս» ՓԲԸ-ի, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի, «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ի, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի, «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի, «Ֆորչն Ռեզորսիս» ՍՊԸ-ի, «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸընդերքօգտագործման պայմանագրերում:



Օգոստոս 13, 2021 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր