

Հայաստանն ու Լատվիան առաջին երկրներն են, որոնք տվյալներ են հրապարակել Իրական սեփականության տվյալների ստանդարտին՝ BODS-ին համապատասխան: Այս մասին տեղեկանում ենք www.eiti.am կայքից, որը հղում է անում «Open Ownership» կազմակերպության կայքին:
2021թ. սեպտեմբեր ամսին միջազգային «Open Ownership» կազմակերպության կայքում ակնարկ է հրապարակվել իրական սեփականության թափանցիկության ոլորտում առաջատար հանդիսացող երկրների մասին: Այդ ակնարկում հիշատակվել է նաև Հայաստանը:
«Այդ Ստանդարտը սահմանում է իրական սեփականության վերաբերյալ տվյալների հավաքագրման և հրապարակման շրջանակը, որի շնորհիվ դրանք դառնում են փոխգործածելի, բարձր որակի և հեշտությամբ կարող են վերաօգտագործվել:
Սկզբնական շեշտը դնելով արդյունահանող ճյուղերի ընկերությունների վրա՝ Հայաստանը սկսեց իրական սեփականության վերաբերյալ BODS-ին համապատասխան տվյալներ հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում (տես օրինակը): Արդեն հաջորդ տարվա սկզբից իրական սեփականության թափանցիկության ապահովման այս միջոցառումները երկրում կտարածվեն նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների վրա:
Հայաստանի հանրային ռեգիստրը օգտագործում է նաև Իրական սեփականության վիզուալիզացիայի «Open Ownership»-ի կողմից ստեղծված բաց աղբյուրով համակարգը՝ Ստանդարտին համապատասխան հայտարարագրեր հրապարակող ընկերությունների իրական սեփականության կառուցվածքները պարզ ու հասկանալի տեսողական պատկերներով ներկայացնելու համար:
Լատվիան կիրառում է BODS-ը տնտեսության բոլոր ճյուղերի իրական շահառուների բացահայտումների համար և ըստ դրա տվյալներ է հրապարակում Լատվիայի Ձեռնարկությունների ռեգիստրի կողմից:
Open Ownership կազմակերպության գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդը նշում է. «Ֆանտաստիկ է տեսնել, թե ինչպես են Հայաստանն ու Լատվիան թափանցիկության ոլորտում միջազգային առաջատարներ դառնում՝ հրապարակելով տվյալներ Open Ownership-ի ստանդարտին համապատասխան»:
Սեպտեմբեր 07, 2021 at 14:37
